Գ. Եգանյանը Մոսկվայում կքննարկի ՌԴ մուտքի արգելք ունեցող 50-60 հազ. ՀՀ քաղաքացիների հարցը

18:06 • 11.02.15

2015 թ. հունվարի  2-ից   Հայաստանի  Հանրապետության համար  ուժի մեջ  է մտել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը: Պայմանագրով անդամ պետություններում կողմերի աշխատանքային միգրանտների համար սահմանվել  են  էապես դյուրացված  պայմաններ: 

Հայաստանից  աշխատանքային  միգրանտների գերակշիռ մասը` 96%-ը ուղղվում  է  դեպի  Ռուսաստանի Դաշնություն,  հետևաբար այդ երկրի միգրացիոն օրենսդրության  փոփոխություններն  անմիջապես  ազդում  են  մեր  քաղաքացի աշխատանքային  միգրանտների  վրա:

 

Մյուս  կողմից Ռուսաստանի  միգրացիոն  օրենսդրության  և  կիրառվող  պրակտիկայում  վերջին շրջանում  տեղի  ունեցած  խստացումների  արդյունքում  բազմաթիվ օտարերկրյա  քաղաքացիների նկատմամբ սկսել  է  կիրառվել ՌԴ  մուտքի արգելանք`  մինչև  10  տարի  ժամկետով: Ռուսական  աղբյուրների  համաձայն՝ նման օտարերկրացիների թիվը 3 միլիոն է: Գնահատականների  համաձայն, դրանց թվում  են  50-60.000   ՀՀ  քաղաքացիներ,  որոնք  դուրս  են  եկել ՌԴ  տարածքից (հիմնականում  գտնվում  են ՀՀ-ում)  և  չեն կարողանում հետ վերադառնալ  Ռուսաստանի Դաշնություն: 


Այդ անձանց  խնդիրներին լուծում  տալու նպատակով համաձայնություն  է ձեռք բերվել ՀՀ  ՏԿԱԻՆ  Միգրացիոն պետական ծառայության   և  Ռուսաստանի դաշնային  միգրացիոն ծառայության  միջև, համաձայն  որի  ՌԴ  մուտքի  արգելքը  բացելու վերաբերյալ  ՀՀ  քաղաքացիների  դիմումները` կից փաստաթղթերի  հետ  միասին  հավաքվում  և փոխանցվում  են  ռուսական  կողմին:

 

Նշված հարցերի  շուրջ Ռուսաստանի միգրացիոն դաշնային ծառայության իր պաշտոնակիցների  հետ աշխատանքային քննարկումներ ունենալու նպատակով փետրվարի 11-13-ը  Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների  նախարար Արմեն Երիցյանի հանձնարարությամբ ՏԿԱԻՆ միգրացիոն պետական ծառայության պետ Գ. Եգանյանը  գործուղվել  է  Մոսկվա: