Սահմանադրական փոփոխությունների ընդունումը չի դանդաղում. Գևորգ Դանիելյան

16:47 • 12.02.15

Tert.am-ի հետ զրույցում Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանն արձագանքելով հնչող մեղադրանքներին, թե իշխանությունները լուրջ փաստարկներ չունեն սահմանադրական փոփոխությունները կյանքի կոչելու համար և անհիմն են այն հետաձգում, ասաց, թե Նախագահը շատ մատչելի պարզաբանում տվեց այն հետաձգելիս:


«Հայեցակարգում մենք արտահայտել ենք  միտք, որ հատկապես կառավարման ձևի հարցը պետք է անպայման դառնա քաղաքական խորհրդակցումների քննարկման նյութ, ավելին, սա այն հարցն է, որտեղ պետք է քաղաքական համաձայնություն»,- ասաց Գևորգ Դանիելյանը՝ շարունակելով, թե արտաքուստ կարող է թվալ, որ 5 ամիսը բավական մեծ ժամկետ է քաղաքական քննարկումների համար,  սակայն, ընդհակառակը, դա «այն ժամկետը չէ»:


«Ընդհակառակը, միջազգային փորձագետները մեզ քննադատում են այն բանի համար, որ շատ արագ-արագ օրենքներ ենք ընդունում: Իրենք բերում են օրինակներ, որ զարգացած իրավական համակարգ ունեցող երկրներն օրենքներն ընդունում են երկու-երեք տարում. այդ օրենքները հանրային լսումներ են անցնում, նեղ  մասնագետների շրջանում են քննարկվում: Մենք այսօր երկու-երեք ամսում օրենքներ ենք ընդունում»,- ասաց սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամը:


Նրա խոսքով, այդ ֆոնին, իհարկե կարող է տպավորություն լինել, որ հայեցակարգի ընդունումը  դանդաղում է:


«Ընդհակառակը, սահմանադրական բարեփոխումները ենթադրում է բավական տևական ժամկետ: Այս առումով ես համամիտ չեմ այդ գնահատականների հետ»,- ասաց նա:


Հարցին, թե մոտավոր կանխատեսումներով երբ կլինեն այդ բարեփոխումները, Գևորգ Դանիելյանն ասաց, որ դա քաղաքական խնդիր է, նաև մասնագիտական հանձնաժողովի շրջանակում երբ քննարկում է եղել, ասվել է, որ դա քաղաքական  ուժերի և՛ ծրագրման, և՛ քննարկման նյութ է:


«Եթե, այնուամենայնիվ, կառաջանա անհրաժեշտություն, որպեսզի քաղաքական քննարկումներից հետո մասնագիտական աջակցության  խնդիր լինի, մենք պատրաստ ենք: Նույն Դաշնակցությունը ներկայացրել է իր առաջարկությունները և նկատառումները, և դա բոլոր հանձնաժողովի անդամներին առանձին-առանձին ուղարկել են, հավաքելու համար իրենց նկատառումները: Սա նորմալ ենք համարում և բնական է, որ քաղաքական կուսակցությունը մինչև իր վերջնական դիրքորոշում հայտնելը խորհրդակցի նաև մասնագետների հետ, բայց մենք չենք կարող կանխորոշել իրենց քաղաքական քննարկումները, առավել ևս՝ քաղաքական փոխհամաձայնության հասնելու ձևաչափերը»,-եզրափակեց Դանիելյանը: