Հաշմանդամություն ունեցող երեխաների նկատմամբ վերաբերմունքը կտրուկ փոխվել է դեպի դրականը. Լենա Հայրապետյան

23:02 • 12.02.15

Վերջին 10 տարվա ընթացքում հաշմանդամություն ունեցող երեխաների նկատմամբ վերաբերմունքը կտրուկ փոխվել է դեպի դրականը: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Լենա Հայրապետյանը։


«Նախկինում հաշմանդամություն ունեցող երեխայի ընտանիքը մեկուսանում էր հասարակությունից, հեռանում էր հարազատներից, իսկ այսօր բոլորս էլ կարող ենք արձանագրել՝ հաշմանդամություն ունեցող որքան  երեխաներ են հաճախում հանրակրթական դպրոցներ, տարբեր խմբակներ, շփվում և ինտեգրվում են հասարակությանը»,-ասաց նա։


Լենա Հայրապետյանը նշեց, որ տարիներ շարունակ տարբեր հասարակական կազմակերպությունների հետ միասին հանրության իրազեկման, ծնողների հետ մեթոդական աշխատանքների միջոցով փորձել է և փորձում է կոտրել հաշմանդամություն ունեցող երեխաների՝ հասարակության կողմից ընդունման և նրանց  նկատմամբ վերաբերմունքի կարծրատիպերը։

 

Ըստ նրա՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը  ՀԿ-ների հետ համագործակցության արդյունքում ստեղծել են ցերեկային կենտրոններ, որտեղ հաճախում են նաև  ընտանիքներում ապրող  Դաունի համախտանիշով երեխաներ:

 

«Ցերեկային կենտրոններում աշխատում են պրոֆեսիոնալ մասնագետներ, ովքեր վերապատրաստման բազմաթիվ դասընթացներ են անցել: Մայրերի հետ նույնպես աշխատում են մասնագետներ, հոգեբաններ՝ տանում են բացատրական աշխատանքներ, ծանոթացնում հաշմանդամություն ունեցող երեխաների հատուկ խնամքի նրբություններին»,-ասաց նա: