Լուկաշենկոն պատմել է «նորմանդական քառյակի»՝ դույլերով խմած սուրճի մասին

15:06 • 12.02.15

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բացահայտել է Մինսկում «նորմանդական քառյակի» հանդիպման կազմակերպչական մասի մանրամասները, գրում է lenta.ru-ն:

 

Նա, մասնավորապես, պատմել է, որ բանակցություններին մասնակցած Ուկրաինայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդներին կերակրել են բելառուսական և ռուսական ապրանքներով:

 

«Կերել ենք ձվածեղ, պանիր, կաթնամթերք, մի քանի դույլ սուրճ ենք խմել»,- պատմել է Լուկաշենկոն:

 

Նա նշել է, որ անձամբ է բանակցությունների մասնակիցներին սուրճ և ուտելիք տվել:

 

«Ինչպե՞ս կարող է առանց ռազմամթերքի պատերազմ ընթանալ խաղաղ ճակատում: Իմ խնդիրն է եղել ռազմամթերքը ժամանակին բերել: Այդ պատճառով ես փորձել եմ իմ գործառույթն իրականացնել»,- հայտարարել է Բելառուսի նախագահը:

 

Նա հստակեցրել է, որ գիշերը բանակցություններին մասնակցած փորձագետները հերթով են քնել, որպեսզի «գլուխը սթափ մնա»: Ընդ որում՝ Լուկաշենկոն հստակեցրել է, որ երկրների առաջնորդներին չի հաջողվել հանգստանալ: