Ակցիա դատախազության դիմաց. պահանջեցին հրապարակել Պերմյակովի գործով ՌԴ դատախազին ուղղված նամակը (տեսանյութ)

17:51 • 12.02.15

«Միանում եմ» նախաձեռնությունն այսօր ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց պիկետ անցկացրեց՝ պահանջելով հրապարակել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի՝ ՌԴ գլխավոր դատախազին ուղղված՝ Գյումրիի Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով մեղադրյալ, ռուսական 102-րդ ռազմաբազային ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովին ՀՀ իրավապահ մարմինների հանձնելու դիմումը:


«ՀՀ գլխավոր դատախազությունից պահանջում ենք՝ գործել թափանցիկ և հրապարակել ռուսական կողմին ուղղված դիմումի պատասխանը, տալ երաշխիքներ, որ մեղադրյալը փոխանցվելու է ՀՀ իրավապահ մարմիններին, տալ երաշխիքներ, որ մեղավորները կամ մեղավորը պատժվելու են ՀՀ օրենսդրությամբ: Կոչ ենք անում առաջնորդվել իրավական կատեգորիաներով, ոչ թե տղամարդու խոստումներով, առաջնորդվել ՀՀ օրենսդրությամբ և կնքված միջազգային իրավական ակտերով, ոչ թե այլ երկրի սահմանադրությամբ»-ասված է պահանջում:


Նախաձեռնության անդամ Գևորգ Սանոյանը նշեց, որ տեքստին ծանոթ չլինելը շատ հարցեր է առաջացնում, իսկ ՌԴ-ից եկող արձագանքը անհասկանալի է:


«Օրենքի շրջանակներում բոլոր հնարավոր ձևերով մեր բողոքի ձայնն ենք բարձրացնելու: Այս պահին հիմնական կոնտակտ անձը դատախազն է, այդ պատճառով մեր պահանջը սկսում ենք
այստեղից»
,-ասաց նա։


Վաղինակ Շուշանյանն էլ նշեց, որ իրենք այն կարծիքին են, որ սպանությունը մեկ հոգու ձեռքի գործը չէ


«Մեզ չի բավարարում այն, որ նա միջնորդություն է ներկայացրել վարույթը ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու: Ներկայումս այնպիսի դրություն է ստեղծվել, որ ժողովրդի մեծամասնությունը չի հավատում նման հայտարարություններին: Մենք պահանջում ենք հրապարակայնացնել»,-ասաց Շուշանյանը:


Հարցին, քննչական գործողությունները ինչպե՞ս են գնահատում, նա պատասխանեց, որ որևէ լուսաբանում չի եղել և հնարավոր չէ դրանք որևէ կերպ մեկնաբանել:


Նախաձեռնության անդամները նամակը հանձնեցին և հեռացան: