Խոզերի առաջ մարգարիտներ մի´ փռեք. ՀՀԿ խոսնակը Գագիկ Ծառուկյանի մասին խոսեց Աստվածաշնչի տեքստով

23:41 • 12.02.15

Աստվածաշունչն է ասում, որ խոզերի առաջ մարգարիտներ չեն փռում. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի  մասին կոշտ գնահատականների վերաբերյալ այսպես խոսեց Հայաստանի հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանավը՝ ՀՀԿ խորհրդի նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը: Նա անդրադարձավ ՀՀ Նախագահի ելույթին և կուսակցության գնահատականներին:

Էդուարդ Շարմազանովը նշեց, որ իր ելույթ-գնահատականը համընկնում է կուսակից ընկերների գնահատականներին:

 

«Քաղաքականությամբ բացառապես պետք է զբաղվեն քաղաքական գործիչները, և անթույլատրելի է քաղաքականության մեջ եզրագծից դուրս գալ, կոռեկտությունից դուրս հայտարարություններ անել, քաղաքականությունը վերածել թայֆաբազության, շուկայի:Շատ վտանգավոր է, որ քաղաքականությամբ զբաղվում են գործիչներ, ովքեր  կորցրել են չափի զգացողությունը»,-ասաց ՀՀԿ խոսնակը ՝ մեջբերելով Սոկրատեսի խոսքը` մարդկային առաքինություններից մեծագույնը չափավորությունն է:

 

«Երբ մարդ կորցնում է չափի զգացողությունը, հայտնվում է տվայտանքների մեջ: Ես խոսում եմ երևույթների մասին»,-ասաց ՀՀԿ խոսնակն ու ավելացրեց. «Բոլորդ երկու շաբաթ է՝ սպասում եք մեր գնահատականին, հայտնի «հռետորն» ասում էր, որ  գնդակը իշխանության դաշտում է, հիմա մենք գնդակը տշել ենք, թող  վազելով հասնի»:

 

Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, որ ՀՀԿ Խորհրդի նիստում ընդունված հայտարարությամբ հստակ հայտնել են իրենց կարծիքը` տգիտությունը, զոռբայությունը, բիլակներով հարցեր լուծելը, պոպուլիզմը, դեմագոգիան տեղ չունեն քաղաքականության մեջ:

 

«Սա պետություն է , սա հայրենիք է, որտեղ ամեն ինչ պետք է լինի փոխադարձ հարգանքի հիման վրա:  Քաղաքականության մեջ չպետք է լինեն մարդիկ, ովքեր այն շփոթում են բիզնեսի կամ այլ խաղերի հետ»,-ասաց ՀՀԿ խոսնակը: