Սիրիայի արտգործնախարարը չի բացառել միջսիրիական երրորդ հանդիպումը

12:43 • 12.02.15

Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալլեմը չի բացառել միջսիրիական երրորդ հանդիպման անցկացումը, եթե հունվարի վերջին Մոսկվայում կայացած բանակցությունները հակամարտության կարգավորման համապարփակ համաձայնագրի չհանգեցնեն, տեղեկացնում է РИА Новости  գործակալությունը:

 

Հարցին, թե արդյոք հնարավոր է Սիրիայում անցկացնել Մոսկվայի հանդիպման նման հանդիպում, Մուալլեմը պատասխանել է.«Դա այն է, ինչին փորձում է հասնել սիրիական կառավարությունը, սակայն դրա համար պահանջվում է բանակցել Սիրիայի ներքին ու արտաքին ընդդիմության հետ: Մոսկվայի հանդիպումն ուղղված էր դրան: Քանի որ մենք համապարփակ համաձայնագրի չհասանք, անհրաժեշտ էր ևս մեկ անգամ հանդիպել Մոսկվայում: Սակայն եթե դա արդյունք չտա, երրորդ հանդիպում կպահանջվի»:

 

Խոսելով Սիրիայի և ՌԴ-ի հարաբերությունների մասին՝ Մուալլեմը նշել է, որ դրանք շարունակվում են ռազմական, տնտեսական և քաղաքական ոլորտներում:

 

«Մեր հարաբերություններն ունեն ինչպես ռազմավարական, այնպես էլ քաղաքական բնույթ և դեռևս շարունակվում են ռազմական, տնտեսական ու քաղաքական ոլորտներում, և մենք գոհ ենք այդ հարաբերություններից»,-ասել է նա: