ԵՄ-ն անհատական մոտեցում կցուցաբերի գործընկեր պետությունների նկատմամբ. գիտաժողով
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը (ԳՏՀՎԿ) և ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության դեսպանատունն այսօր կազմակերպել էին «Լատվիական նախագահության առաջնայնությունները Եվրոպական միությունում և Հայաստանի հետ համագործակցության ոլորտները» միջազգային գիտաժողով:
Գիտաժողովին ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության դեսպան Էլիտա Գավելեն նկատեց, նպատակ ունեն հեռանկարների մասին քննարկումներ իրականացնել և հասկանալ, թե ինչպես կարելի է ուժեղացնել Արևելյան գործընկերության համաձայնագրից դուրս եկած երկրների հետ համագործակցությունը:
«Լատվիան Հայաստանին միշտ էլ համարել է կարևոր գործընկեր և մեր քաղաքականությունը միշտ եղել է բաց և կառուցողական»,-ասաց նա և նկատեց, թե իրենք անհրաժեշտություն են համարում շեշտել, որ վերահաստատում են հարավկովկասյան պետությունների կարևորությունը:
«Մենք ցանկանում ենք վերահաստատել Արևելյան հարևանության ծրագիրը որպես մեր քաղաքականության մաս և նշել, որ նպատակն է ամրապնդել համատեղ հարթակ: Կարևորն է գույքագրել ձեռք բերած առաջընթացը և պատրաստել Արևելյան գործընկերության տեսլականը: Մենք նաև հասկանում ենք, որ համագործակցության անհատական մոտեցում պետք է լինի յուրաքանչյուր պետության հետ՝ հաշվի առնելով երկրի ցանկությունները»,-ասաց նա:
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան մինչ իր խոսքը սկսելը նշեց. «Ինչքան փոքր է աշխարհը, ինչքան մոտ ենք եղել անցյալում և հուսով ենք ապագայում դեռ կհամագործակցենք»:
Դեսպանը նշեց, թե սա իսկապես այն պահն է, երբ Լատվիան պետք է ներկայացնի իր առաջնայնությունները, քանի որ ԵՄ խորհրդի նախագահողի սաղավարտն է կրում և ինչի հետ համաձայն են ԵՄ երկրները:
ԵՄ դեսպանը նշեց, որ հարաբերությունների զարգացումների համար կարևոր է, որ հիմնական առաջնահերթությունը վերաբերի Արևելյան գործընկերության շրջանակին, որը թույլ կտա կողմերին շարունակել նաև ապագայում, քանի որ դրանց հիմքում ընկած է միասնական նվիրումը միջազգային հիմնական նորմերին, հիմնարար ազատություններին:
Հրիսթեան նշեց, որ ԵՄ-ն մեծ հետարքրքությամբ հետևելու է մայիսի 21, 22-ին Ռիգայում նախատեսված գագաթաժողովին, որի ժամանակ էլ հնարավորություն կլինի հստակեցնել Արևելյան գործընկների հետ հարաբերությունների ապագայում ռազմավարությունը խորացնելու հարաբերությունները:
«ԵՄ-ն հնարամիտ գաղափարներ է առաջադրում գործընկեր պետություններին, այն է՝ հատուկ հարաբերություններ նշանակել յուրաքանչյուր պետության համար»,-ասաց նա:










