Փետրվարի 13-ին՝ երեկոյան ժամերգությունից հետո, կնշվի Տեառընդառաջի նախատոնակը
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին փետրվարի 14-ին նշում է Տեառընդառաջի տոնը: Այն 40-օրյա Քրիստոսին տաճարին ընծայման իրողության հիշատակումն է: Այս մասին տեղեկացնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
Տոնի նախորդ օրը՝ փետրվարի 13-ին՝ երեկոյան ժամերգությունից հետո, երբ եկեղեցական կարգի համաձայն օրը փոխվում է, կատարվում է նախատոնակ: Արարատյան Հայրապետական թեմի մի շարք եկեղեցիներում կազմակերպվում են նաև տոնախմբություններ, վառվելու են խարույկներ:
Փետրվարի 14-ին ԱՀԹ բոլոր եկեղեցիներում տոնական Սբ պատարագ է մատուցվելու: Հավարտ Սբ պատարագի կկատարվի նորապսակների օրհնության կարգ:
Տերունի այս տոնը հիշատակում է 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին: Ըստ հրեական օրենքի` ամեն մի արու զավակի ծնունդից հետո, երբ լրանում էին սրբագործման 40 օրերը, նորածնի մայրն իր երեխայի հետ այցելում էր Տաճար, զոհ մատուցում և իր զավակի համար օրհնություն ստանում քահանայից: Այսպես և Սբ Աստվածամայրը 40-օրական Հիսուսի հետ ներկայանում է Տաճար:
Այս մասին հիշատակում է Ղուկաս ավետարանիչը: «Երբ նրանց սրբագործման օրերը լրացան, Մովսեսի օրենքի համաձայն` նրան Երուսաղեմ տարան` Տիրոջը ներկայացնելու համար, ինչպես գրված էր Տիրոջ օրենքում. «Ամեն արու զավակ, որ արգանդ է բացում, Տիրոջ համար սուրբ պիտի կոչվի: Եվ Տիրոջ Օրենքում ասվածի համաձայն՝ ընծա պետք է տալ մի զույգ տատրակ կամ աղավնու երկու ձագ» (Ղուկ. 2:22-24): Ներկայացնելով Հիսուսի կյանքի այս դրվագը՝ Ավետարանիչը պատմում է նաև Սիմեոն ծերունու մասին, որին Սուրբ Հոգուց հրամայված էր մահ չտեսնել, մինչև Տիրոջ Օծյալին տեսնելը:
Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին Տեառնընդառաջը կամ 40-օրական Հիսուսի ընծայումը տաճարին տոնում է Աստվածահայտնությունից 40 օր հետո` փետրվարի 14-ին: Հայ Եկեղեցու կանոնի համաձայն, տոնի նախօրեին, երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է նախատոնակ: Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը: Նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի չորս ծագերը: Եկեղեցու կանթեղներից վերցված կրակով վառվում են խարույկներ՝ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Տեառնընդառաջի պատարագից հետո Հայոց եկեղեցիներում տեղի է ունենում նորապսակների օրհնության կարգ: Տեառնընդառաջի տոնին Հայաստանյայց բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սբ պատարագ: Եթե Տեառնընդառաջի օրը համընկնում է Մեծ Պահքի շրջանին, ապա բացվում են եկեղեցիների Սբ խորանների վարագույրները, մատուցվում բաց Սբ պատարագ:










