Դեսպան Մարգարյանը հանդիպել է Բելգիայի Սենատի նախագահի հետ

15:29 • 13.02.15

Փետրվարի 11-ին Բելգիայի Սենատի նախագահ, տիկին Քրիստին Դեֆրեյնն ընդունել է Բելգիայում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարության լրատվական ծառայությունը։


Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-բելգիական հարաբերությունների ներկա իրավիճակի, դրանց զարգացման, միջխորհրդարանական հարաբերությունների ամրապնդման ուղիների վերաբերյալ: Այս կապակցությամբ երկուստեք կարևորվել է Բելգիայի Սենատում Հայաստանի հետ բարեկամության խմբի աշխատանքների և միջխորհրդարանական շփումների ու փոխայցելությունների ակտիվացումը: Սենատի նախագահը վստահեցրել է, որ մտադիր է նպաստել Բելգիայի և Հայաստանի միջև հարաբերությունների հետագա խորացմանը: Անդրադարձ է կատարվել Բելգիայի հայ համայնքի պատմությանը և ներկային:


Դեսպան Մարգարյանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ նախատեսվելիք միջոցառումներն ու ծրագրերը: Զրուցակցի խնդրանքով` դեսպանն անդրադարձել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման ընթացքին, տարածաշրջանային զարգացումներին, տեղեկացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործադրած ջանքերի մասին: