Համաներում չպետք է վերաբերվի Boeing-ի կործանման մեղավորներին. ԵՄ

17:56 • 13.02.15

Եվրամիությունը կարծում է, որ Ուկրաինայի օդում անցած տարվա հուլիսին մալայզիական Boeing-ի կործանման մեղավորները պետք է պատասխանատվություն կրեն. հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը, հաղորդում է ria.ru-ն:


Մինսկում հինգշաբթի օրը համաձայնեցված կետերից մեկը ենթադրում է Դոնեցկի և Լուգանսկի շրջանների առանձին հատվածներում տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված անձանց համաներում:


«Երբ խոսքը գնում է MH17-ի ողբերգության մասին, ԵՄ-ն չափազանց հստակ ասել է՝ ինչ պետք է տեղի ունենա: Մենք կոչ ենք արել միջազգային հետաքննություն իրականացնել և կործանման վայրի ամբողջական մուտք տրամադրել, բոլոր փաստերը պետք է պարզվեն, իսկ բոլոր պատասխանատուները, բնականաբար, պետք է պատիժ կրեն»,- ասել է Կոսյանչիչը:


«Ես դա պարզ ասացի»,- նշել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Եվրահանձնաժողովը սպասում է, որ ինքնաթիռի կործանման մեղավորները կպատժվեն և չեն օգտվի համաներումից: