Արգենտինայի նախագահին պաշտոնապես մեղադրանք է ներկայացվել սկանդալային գործով

23:57 • 13.02.15

Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշներին մեղադրանքներ են ներկայացվել 1994-ի ահաբեկչության սկանդալային գործով դավադրության մասնակից լինելու համար: Այս մասին հայտնում է «Գազետան»՝ վկայակոչելով Clarin-ին:

Մեղադրանքը ներկայացրել է դատախազ Խերարդո Պոլիսիտան: Նրանից առաջ դե Քիրշների գործով զբաղվում էր Ալբերտո Նիսմանը, որին մահացած էին գտել առեղծվածային հանգամանքներում:

 

Անցած ամիս առեղծվածային հանգամանքներում մահացած հայտնաբերված դատախազ Ալբերտո Նիսմանը պահանջել էր Արգենտինայի նախագահի ձերբակալությունը: Հայտնի է, որ հանգուցյալ դատախազի աշխատասենյակում հայտնաբերվել էին նյութեր՝ նախագահին ձերբակալելու մասին խնդրագրի նմուշով:


Նիսմանը, ըստ այդմ, պահանջել է Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդեսին ձերբակալել հրեական կենտրոնի պայթեցման ահաբեկչական գործողության գործը կոծկելու համար:

 


1994-ին Բուենոս Այրեսում պայթեցվել էր հրեական կենտրոնը, ինչի հետևանքով 85 մարդ էր զոհվել: Ըստ հետաքննության նյութերի՝ այդ հարձակման թիկունքում եղել է Իրանը: Արգենտինայի նախագահը տեղյակ է եղել այդ հանգամանքից, սակայն պարտակել է գործը՝ Իրանից դրա դիմաց նավթ ստանալով:
Արգենտինայի նախագահն այս մեղադրանքները «աբսուրդ» է անվանել, իսկ Իրանը հերքում է իր կապը հրեական կենտրոնի ահաբեկչության հետ:

 


Արգենտինացի դատախազ Ալբերտո Նիսմանին մահացած էին գտել հունվարի 18-ին՝ հրազենային մեկ վնասումով: Ի սկզբանե առաջ քաշված ինքնասպանության վարկածը չէր հաստատվել: Մահվան հաջորդ օրը նա պետք է սկանդալային գործով հանդես գար Արգենտինայի Կոնգրեսում: