Շատ վատ է, որ չգիտեմ ում թույլտվությամբ Ծառուկյանը ընկալվել է որպես քաղաքական գործիչ. Սամվել Ֆարմանյան (տեսանյութ)

13:57 • 13.02.15

Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանը, ելույթ ունենալով ՀՀԿ խորհրդի նիստին, ասել է, թե քաղաքական պայքարի որակների առումով երկիրն իսկապես գահավիժման ճանապարհին է, որովհետև, ըստ նրա՝ «մի կողմից հասկանալի չէ, թե քո ընդդիմախոսն ի՞նչ քաղաքական տեսակետ ունի այս կամ այն հարցի վերաբերյալ»:


«Քաղաքական պայքարի որակների մասին խոսվեց, և շատ ճիշտ խոսվեց: Իսկապես, երևի ամեն մեկս առանձին, Ձեզ հետ, միմյանց միջև առիթ ունեցել ենք խոսելու: Օրինաչափ հարցեր են առաջանում, նույն մեր ընտրողների հետ մեր շփումներում մենք չենք կարող ազնիվ գնահատականներ տալ»,-նշել է Սամվել Ֆարմանյանը:

Անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, ՀՀԿ-ական պատգամավորն ասել է, թե մարդ կա, հարցնում է՝ Հայաստանի՝ որպես պետություն, խնդիրների և Արցախն էլ միասին, առաջին 10 առաջնահերթությունները որո՞նք են:


«Ասենք մի հատ Ծառուկյան Գագոն կանգնի…այդ 10 առաջնահերթությունների վերաբերյալ գոնե մոտավոր պատկերացում այդ մարդը չունի: Շատ վատ է, որ էդ մարդը, ընդհանրապես, չգիտեմ ում թույլտվությամբ, չգիտեմ ինչ գործոնների հաշվին երկրում ընկալվել է, սկսել է ընկալվել որպես քաղաքական գործիչ, որովհետև այս երկիրը քաղաքական գործիչների պատկառելի սերունդ  է տվել արցախյան ազատամարտի արդյունքում: Էս կիսափնթի վիճակով ինչ-որ անհասկանալի մտքեր ասել, շարադրել, և այլն, այս ամեն ինչը շատ վաղ պետք է լիներ, հիմա էլ ուշացած չի»,-հայտարարել է Սամվել Ֆարմանյանը: