Իտալիան և Գերմանիան հայտարարել են Եմենում իրենց դեսպանությունները փակելու մասին

20:17 • 13.02.15

Իտալիայի և Գերմանիայի իշխանությունները, անվտանգության նկատառումներից ելնելով, որոշել են ժամանակավորապես դադարեցնել իրենց դիվանագիտական ներկայացուցչության աշխատանքը Եմենում:


Ինչպես հաղորդում է INTERFAX.RU-ն` Associated Press-ին հղումով, Իտալիայի ԱԳՆ-ում հույս են հայտնել, որ ՄԱԿ-ի միջնորդությունը  թույլ կտա Եմենի` հաղթահարել ճգնաժամային իրավիճակը, որից հետո իտալական դեսպանությունը կկարողանա վերսկսել աշխատանքը: Իտալացի դիվանագետներին հանձնարարվել է հեռանալ Եմենի տարածքից:


Գերմանիայի դեսպանության անձնակազմն ուրբաթ արդեն հեռացել է Եմենից:


Հիշեցնենք, որ ավելի վաղ Եմենում դեսպանության աշխատանքի դադարեցման մասին հայտարարել էին ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան:


Անցյալ շաբաթվա վերջին Եմենում շիաների «հութի» կլանի ներկայացուցիչ ապստամբները վերջնականապես իրենց ձեռքն են վերցրել իշխանությունը և հայտարարել  խորհրդարանը ցրելու և անցումային խորհուրդ կազմավորելու մասին:


Ավելի վաղ Եմենի նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր Հադին և կառավարությունը հրաժարական էին ներկայացրել այն բանից հետո, երբ շիա ապստամբները լարված մարտերի արդյունքում գործնականում գրավել էին մայրաքաղաք Սանան:

 

РИА Новости-ի փոխանցմամբ` Եմենում ՌԴ դեսպանությունից հայտնել են, որ մտադիր չեն դադարեցնել իրենց աշխատանքը: