Գագիկ Ծառուկյանին ուզում են ակտիվ ու ագրեսիվ ընդդիմադիրի դերակատարում տալ. Պետրոս Մակեյան

11:16 • 13.02.15

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ ՀՀԿ խորհրդի նիստում Գագիկ Ծառուկյան քաղաքական գործչին ուղղված ՀՀ Նախագահի երեկվա ելույթը լսելուց հետո հանգել է այն եզրակացության, որ կա երկու տարբերակ: Մեկը, ըստ նրա, Գագիկ Ծառուկյանին փորձում են դարձնել ագրեսիվ ընդդիմադիր քաղաքական գործիչ:
 

«Գագիկ Ծառուկյանին ուզում են ակտիվ ու ագրեսիվ ընդդիմադիրի դերակատարում տալ, որպեսզի կարողանան իրենց մաքսիմում ծրագիրն իրականացնել՝ 2017թ-ի խորհրդարանական ընտրություններին քաղաքական դաշտը ձևավորեն ԲՀԿ-ի ու ՀՀԿ-ի միջոցով: Այս ամբողջը իմիտացիոն պրոցես է»,- ասաց նա:


Ըստ Պետրոս Մակեյանի՝ նախագահի ելույթը կոշտ էր հենց նրա համար, որ իմիտացիան ավելի իրական թվա, ընկալվի հանրության կողմից որպես լուրջ իրական փաստարկ:


«Բայց կարծում եմ անգամ այդ իմիտացիան դեռևս չի ստացվում, որովհետև դա բարդ պրոցես է, բարդագույն ծրագիր է, որ կարողանան ամբողջ դաշտը վերցնել Սերժ Սարգսյանով ու Գագիկ Ծառուկյանով՝ այսինքն Ռոբերտ Քոչարյանով: Բնականաբար ագրեսիվ պրոցես պետք է տանեն իրար դեմ: Եթե հետևում եք ԲՀԿ-ն էլ ագրեսիվ պրոցեսներ է սկսել իրենց ակտիվիստի նկատմամբ բռնությունից հետո, սա իրենց խաղի կանոններին մեջ է մտնում»,- ասաց նա:


Պետրոս Մակեյանի երկրորդ տարբերակն էլ այն է, որ Գագիկ Ծառուկյանին հնարավոր է ինչ-որ արտաքին ազդակներ են տվել՝ որոշակի գործընթացներ սկսելու, որի մասին տեղյակ է Սերժ Սարգսյանը և հակաքայլեր է իրականացնում: «Բայց սրա հավանականությունը շատ քիչ է»,-ասաց նա: