Դեռևս հայտնի չէ, թե ԱՄՆ-ից ովքեր ներկա կլինեն ապրիլի 24-ին Հայաստանում. ԱՄՆ դեսպան
Դեռևս հայտնի չէ, թե ԱՄՆ-ից պաշտոնական մակարդակով ովքեր են մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ-ում ԱՄՆ-ի նորանշանակ արտակարգ ու լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը:
«ԱՄՆ-ի նախագահը պատիվ է ունեցել ստանալ հրավեր՝ մասնակցելու միջոցառումներին, Վաշինգտոնում իմ քննարկումների ժամանակ դեռևս որոշում կայացված չէր, թե ով է մասնակցելու, ով ներկա կլինի այդ օրը Հայաստանում: Երեկ և այսօր ՀՀ ատգործնախարարի ու Նախագահի հետ հանդիպումներին, նրանք նշեցին, որ կարևոր է ԱՄՆ-ի բարձրաստիճան ներկայությունը: Մենք կաշխատեք, որ հենց պարզ լինի, այդ մասին տեղյակ պահենք: Մինչ այդ ԱՄՆ-ից բոլոր հետաքրքրվողները կկարողանան գալ, լինել այստեղ»,-ասաց նա:
Նա նշեց, որ ինքը՝ որպես դեսպան, շատ ու շատ ամերիկացիների գիտի, որոնց համար մեծ կարևորություն ունեն այս միջոցառումները:
«Ես՝ որպես դեսպան և մեր դեսպանությունը ցույց կտանք աշխարհին, որ ԱՄՆ-ն Հայաստանի, հայ ժողովրդի կողքին է հիշատակելու 1915թ-ի այս սարսափելի ողբերգական իրադարձությունները, որի ժամանակ մեկ միլիոնից ավել հայեր զոհվել ու տեղահանվել են: Մենք նաև ակնկալում ենք, որ շատ ամերիկացիներ այստեղ կլինեն իրենց հիշատակի տուրքը մատուցելու համար»,-ասաց նա:










