Մեծ ձեռքբերում կլինի, եթե Ուկրաինայում հրադադարի ռեժիմ հաստատվի. Հրանտ Մելիք-Շահնազարյան

17:47 • 13.02.15

Ուկրաինական հակամարտության առաջնահերթ խնդիրը հրադադարի ռեժիմի հաստատումն է: Եթե փետրվարի 15-ին իսկապես հնարավոր լինի հաստատել հրադադարի ռեժիմ, ապա դա մեծ ձեռքբերում կլինի:


«Սպուտնիկ-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում այսպիսի տեսակետ է հայտնել քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով նախօրեին Մինսկում կայացած «նորմանդական քառյակի» բանակցությունների արդյունքներին:


«Այս պահին իրավիճակն Ուկրաինայի արևելյան շրջաններում լարված է, ամեն օր տասնյակներով զոհեր են լինում: Եվ ելնելով սրանից՝ առաջնային խնդիրը պետք է լինի հրադադարի ռեժիմի հաստատումը»,-նշել է քաղաքագետը:


Ինչ վերաբերում է հրադադարի օրը հետաձգելուն, ապա Մելիք-Շահնազարյանը ենթադրում է, որ շատ լուրջ բարդություններ կան և ժամանակ է պետք դրանք հաղթահարելու համար:


«Հուսանք, որ հնարավոր կլինի դրանք հաղթահարել, և այդ խաղաղությունը, այնուամենայնիվ, կհաստատվի»,-ասել է նա:


Մինսկյան բանակցությունների պայմանավորվածություններից են նաև՝ ծանր սպառազինումների ետ քաշումը ներկայիս շփման գծից, ռազմական տեխնիկայի և օտարերկրյա զինված խմբավորումների դուրս բերումն Ուկրաինայից: Այս գործընթացին հետևելու է ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը: Հրանտ Մելիք-Շահնազարյանը բնական է համարում, որ նման առաքելությունը պետք է վստահվեր ԵԱՀԿ-ին:


«Ուկրաինայի պարագայում այլ մեխանիզմներ պարզապես չկան և պարզ է, որ դա պետք է վստահվեր ԵԱՀԿ-ին: Բավական բարդ խնդիր է դրված նրանց առջև և, ըստ էության, սահմանագիծը հստակ ուրվագծված չէ, ու բարդ է տարբերակել տեղի քաղաքացիներին դրսից բերված վարձկաններից: Բացի դրանից, տարածքն այնքան մեծ է, որ որևէ դիտորդական առաքելություն ամբողջությամբ չի կարող դիտարկում իրականացնել: Այստեղ շեշտը պետք է դրված լինի կողմերի ցանկության վրա»,-ընդգծել է քաղաքագետը:


Մելիք-Շահնազարյանը տրամաբանական չի համարում ուկրաինական և ղարաբաղյան հակամարտությունների միջև զուգահեռներ տանելը: Նրա խոսքով՝ հակամարտությունները բավական տարբեր են, տարբեր են նաև ընտրված լուծումները:


«Ակնհայտ է մի բան, որ Դոնեցկի և Լուգանսկի շրջանները չեն ցանկանում առանձնանալ Ուկրաինայից, նրանք առանձնահատուկ կարգավիճակ են ուզում, և այս պայմանավորվածություններով նրանք ստանում են այդ կարգավիճակը: Հակամարտության մեջ որպես մեծ ազդեցություն կամ քաղաքական շահ հետապնդող մի կողմը Ռուսաստանն է, որը տարածքային պահանջներ չունի Ուկրաինայից, բացի Ղրիմից, որն արդեն միացել է իրեն, և հարցը փակված է համարվում: Այժմ գլխավոր խնդիրը՝ ազդեցության լծակներ ունենալն է: Մյուս արտաքին հակամարտող կողմը՝ Եվրոպան է, որին անհրաժեշտ է խաղաղություն»,-մեկնաբանել է նա:


Ուկրաինական հակամարտության մեջ բավական շատ ներգրավված կողմեր կան: Քաղաքագետը շահագրգիռ կողմերից առանձնացնում է Միացյալ Նահանգներին, որը «Ուկրաինայի միջոցով լավ հնարավորություն է տեսնում՝ Ռուսաստանին հնարավորինս թուլացնելու, նաև հարակից տարածաշրջաններում ռուսական ազդեցությունը թուլացնելու համար»:


«Հետևաբար՝ եթե փորձենք այս հակամարտությունը համադրել հայ-ադրբեջանական հակամարտության հետ, ապա, իմ կարծիքով, ընդհանուր ոչինչ չենք գտնի» ,-ընդգծել է քաղաքագետը:


Ինչ վերաբերում է այն դիտարկմանը, թե հայ-ադրբեջանական հակամարտության պարագայում նման արագ արձագանք ու նման շահագրգռվածություն չկա, ապա Մելիք-Շահնազարյանը հիշեցնում է, որ ժամանակին՝ հրադադարի հաստատման համար, աշխարհի առաջնորդները ևս ակտիվ աշխատում էին, և մոտեցումները նույնն էին:


«Բայց, եթե խոսենք այս կամ այն կողմի կարևորության մասին, ապա ոչ թե մենք, այլ Հարավային Կովկասի տարածաշրջանն այսօր նույն կարևորությունը չունի միջազգային քաղաքականության համար, որքան Արևելյան Եվրոպան, հատկապես՝ Ուկրաինայի տարածքը: Եթե մեր դեպքում կոնֆլիկտը հայ-ադրբեջանական հարաբերությունների խնդիր է, ապա Ուկրաինայի դեպքում՝ Անգելա Մերկելն իրեն համարում է ոչ թե միջնորդ, այլ հակամարտության կողմ, որովհետև գտնում է, որ սա վերաբերում է Եվրոպայի անվտանգությանը: Այսինքն՝ մարդիկ զբաղված են սեփական անվտանգության խնդրի լուծմամբ, և, բնական է, որ նման ակտիվությամբ պետք է աշխատեն»,-պարզաբանել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: