«Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» ՀԿ հայտարարությունը
Բերձորյան ոճրագործության հետևանքով առաջացած խայտառակ իրավիճակից ելք փնտրելու փոխարեն Արցախի ադմինիստրացիան՝ ի դեմս Ա. Աղաբեկյանի, շարունակում է ստոր զրպարտանք տարածել Ժիրայր Սէֆիլյանի վերաբերյալ՝ հարցականի տակ դնելով նաև նրա և նրա ղեկավարած գումարտակի փառահեռ մարտական ուղին:
Այս մասին ասվում է «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպությունը հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել էր «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի՝ իր հասցեին հնչեցրած մեղադրանքին, որ Արթուր Աղաբեկյանը հայտնի խաբեբա է։
«Երիտասարդներին ցուցակագրելու հետ կապված՝ բոլոր այն քաղաքացիները, ովքեր կցանկանան միանալ Ժիրիկի կոչին, կխնդրեմ կարծիք հարցնեն Շուշիի առանձնակի գումարտակի սպաներին, ովքեր անմիջական շփում են ունեցել նրա հետ»,–գրել էր ԼՂՀ փոխվարչապետը։
«Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպությունը հայտարարությունը մեջբերում ենք ամբողջությամբ.
«Բերձորյան ոճրագործության հետևանքով առաջացած խայտառակ իրավիճակից ելք փնտրելու փոխարեն Արցախի ադմինիստրացիան՝ ի դեմս Ա. Աղաբեկյանի, շարունակում է ստոր զրպարտանք տարածել Ժիրայր Սէֆիլյանի վերաբերյալ՝ հարցականի տակ դնելով նաև նրա և նրա ղեկավարած գումարտակի փառահեռ մարտական ուղին:
Ժ. Սէֆիլյանն իր ամբողջ գիտակցական կյանքում ծառայել է հայ ժողովրդին: Հնարավոր չէ ուրանալ նրա նշանակալի ավանդը ինչպես նախկինում՝ Բեյրութի հայկական թաղամասերի ինքնապաշտպանության և Արցախի ազատագրման գործում, այնպես էլ այսօր՝ հայկական պետությունն ու Հայրենիքը կորուստից փրկելու պայքարում:
Հատկապես արցախաբնակ հայությունը և, առաջին հերթին՝ ազատամարտիկները, հիացմունքով ու երախտագիտությամբ են խոսում Արցախյան պատերազմում լեգենդար «Ժիրոյի բատալյոնի» (և ոչ Ժիրիկի, ինչպես փորձում է քամահրանքով ներկայացնել Ա. Աղաբեկյանը) մարտունակության և սխրանքի մասին:
Օրինակելի է նաև Ժ. Սէֆիլյանի մարդկային կերպարը: Նա պատերազմի տարիներին ոմանց նման թալան չի արել, զինվորի հացը չի վաճառել, ծառայության ժամանակ բիզնեսով չի զբաղվել և բանակի հաշվին հարստություն չի դիզել:
Ցավոք, նույնը չի կարելի ասել Ա.Աղաբեկյանի մասին: Միան նրա բիզնեսների թվարկումը զգալի ժամանակ կպահանջի:
Պարոն Ա. Աղաբեկյանին հարկ ենք համարում նաև հիշեցնել, որ պատերազմից հետո Ժ. Սէֆիլյանը եղել է ոչ թե 7-րդ, այլ 6-րդ պաշտպանական շրջանի հրամանատար և նրա ենթակայությամբ ծառայած զինվորները մինչ օրս հպարտությամբ են հիշում այդ մասին:
Թերևս պետք է ցավակցել մեր ժողովրդին ու բանակին, որ ի դեմս Ա. Աղաբեկյանի՝ ունենք հանուն շահի հիշողությունը կորցրած և ուրացումի ճանապարհը բռնած գեներալ և պետական պաշտոնյա, որը չի խորշում նաև զուգահեռաբար վիրավորել մեր սպաներին՝ փորձելով նրանց գիտելիքները ներկայացնել 5,45-ի և 7,62-ի միջակայքում:
Դեռևս հույս ունենք, որ պարոն Ա. Աղաբեկյանը կգիտակցի իր սխալը և Արցախն ու մեր պետականությունը օտարին հանձնող ռեժիմին իր հավատարմությունն ապացուցելու համար խղճի ու արդարության դեմ գործելու փոխարեն ներողություն կխնդրի Շուշիի առանձնակի գումարտակի սպաներից և նրանց հրամանատար Ժ. Սէֆիլյանից:
Հակառակ դեպքում մենք ստիպված կլինենք բազմաթիվ դրվագներ հիշելու նրա անցյալ և ներկա կյանքից, որոնք ամենևին էլ չեն նպաստի առաջիկայում Արցախի այսպես կոչված նախագահի աթոռն զբաղեցնելու նրա բաղձալի երազանքի իրականացմանը:
«Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» ՀԿ անդամ, Շուշիի առանձնակի գումարտակում ծառայած պահեստազորի սպաներ»։










