Կոպենհագենում հարձակման են ենթարկվել Ֆրանսիայի դեսպանը, Մուհամեդ մարգարեին պատկերած ծաղրանկարիչը և այլք

21:12 • 14.02.15

Դանիայի մայրաքաղաքում հարձակման է ենթարկվել տեղի սրճարաններից մեկը, որտեղ խոսքի ազատության թեմայով քննարկում էր ընթանում:

 

Russia Today-ը հայտնում է, որ հարձակման հետևանքով երեք ոստիկան է վիրավորվել, կա մեկ զոհ քաղաքացիական անձանցից: Արձակվել է երեսուն փամփուշտ:

 

Միջոցառմանը ներկա են եղել Կոպենհագենում Ֆրանսիայի դեսպանը, ինչպես նաև` շվեդ սկանդալային ծաղրանկարիչ Լարս Վիլքսը: Վերջինս հայտնի է իսլամի մարգարե Մուհամեդի հակասական ծաղրանկարներով:

 

Հարձակվողներին, ովքեր, հավանաբար, երկուսն են եղել, հաջողվել է փախչել: Հայտնի է, որ նրանք խոսել են դանիերեն, եղել են սևազգեստ: Կրակոցները հնչել են Ֆրանսիայի դեսպանի խոսքից անմիջապես հետո: Միջոցառումը կրում էր «Արվեստը, սրբապղծությունը և խոսքի ազատությունը» խորագիրը:

 

2007-ին  68-ամյա ծաղրանկարիչը Մուհամեդ մարգարեին պատկերել էր շան տեսքով: Դրանից հետո նրան անվտանգության աշխատակիցներ էին կցվել: Ոստիկանությունը կատարվածը ահաբեկչություն է որակել: