Լուկաշենկոն պատմել է Պուտինի ճկունության, Մերկելի մարդկայնության ու Օլանդի բարության մասին

14:32 • 14.02.15

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ Ուկրաինայի հարցով Մինսկում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում կողմերն արդյունքի են հասել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ճկունության, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի մարդկայնության և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի բարության շնորհիվ, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:

 

«Անկեղծ ասած՝ ես չէի ակնկալում, որ Օլանդն այդքան բարի է»,- ասել է նա: Լուկաշենկոն պատասխանել է նաև հարցին, թե ինչ զգացողություններ է ունեցել երկար ընդմիջումից հետո արևմտյան առաջնորդների հետ շփվելուց հետո:

 

Բելառուսի նախագահը նշել է, որ Օլանդը շատ շփվող, բարի և զգույշ մարդ է: «Ինչ վերաբերում է Անգելա Մերկելին, ապա նրա մոտ մարդկայնությունը բոլոր այլ մարդկային որակներից առաջ է անցնում: Չնայած նա նման որակներ շատ ունի»,- ասել է նա:

 

Լուկաշենկոն, սակայն, նշել է, թե այդ ամենը չի նշանակում, որ Բելառուսը հարթել է հարաբերություններն Արևմուտքի հետ:

 

Հիշեցնենք, որ Մինսկում օրերս կայացած «նորմանդական քառյակի»՝ Ուկրաինայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդները պայմանավորվել են փետրվարի 15-ի ժամը 00։00-ից կրակը դադարեցնելու մասին: Այդ մասին հայտարարել էր Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: