Անզիջում կեցվածքը հարիր չէ մեր հասարակությանը. Ռուբեն Բաբայան
Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև առաջացած խնդիրներին, ասաց, թե ինքը միշտ կողմնակից է երկխոսության և հանդուրժողականության:
«Ես չեմ կարծում, որ դա կարող է որևէ օգուտ բերել, ես չեմ կարծում, որ անզիջում կեցվածքը, որ կողմից էլ դա լինի, հարիր է մեր հասարակությանը»,-ասաց Ռուբեն Բաբայանը:
Նրա խոսքով՝ մեզ պետք է մտահոգի մի շատ կարևոր խնդիր` որ մեր հասարակությունը լինի քաղաքակիրթ, զարգացած, ապահովված և անվտանգ:
Մտավորականի համոզմամբ՝ սրան կարելի է հասնել միայն միասնական ուժերով:
«Որևէ մեկին իրավունք տրված չէ վերջնական ճշմարտության ավետիսը լինելու: Ճշմարտությունը կոմպրոմիսի մեջ է, ճշմարտությունը իրար հասկանալու մեջ է, ճշմարտությունը թշնամանքից և չարությունից դուրս է, սա միանշանակ է: Ես չեմ կարող հրճվել այս առճակատումից, ես չեմ կարող ուրախանալ այն ագրեսիայի բարձր տոկոսից, որը հիմա կա մեր հասարակության մեջ»,-ասաց Ռուբեն Բաբայանը՝ հավելելով նաև, որ ինքն իր համեստ ուժերով պետք է մեղմի այդ ագրեսիան:










