Սպառողները հիմնականում հետաքրքրված են մեքենաների մաքսազերծման հարցով. ՀԿ նախագահ

13:56 • 14.02.15

«Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանն այսօր մամուլի ասուլիսին, անդրադառնալով Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միության անդամակցությանը, նշեց, որ դեռևս առանձնապես մեծ փոփոխություններ չկան, ինչը բնական է, որովհետև ընդամենը մեկ ամիս է անցել անդամակցությունից: «Սպասվող խնդիրները կարող են բազմաթիվ լինել, որովհետև չգիտենք, թե ինչպես կարող է անդրադառնալ սպառողների վրա»,- ասաց նա:


Կարեն Չիլինգարյանն ասաց, որ ԵՏՄ անդամակցության արդյունքում հնարավոր է թանկանա կենցաղային տեխնիկայի  գները: Նա նշեց, որ սպառողները հիմնականում հետաքրքրված են մեքենաների մաքսազերծման հարցով: «Մեր սպառողները հիմնականում գնում են օգտագործված մեքենաներ, որոնք ներկրվում են երրորդ երկրներից: Հետագայում դա կթանկանա, սակայն առաջիկա հինգ տարում նման խնդիր չկա»,- ասաց նա:


«Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը գտնում է, որ մենք  այնպիսի վիճակում ենք գտնվում, որ բոլոր ուղղությունները մեզ համար չարիք են  և մենք դատապարտված ենք չարյաց փոքրագույնն ընտրել: «Մենք արտահանում ենք երկու խումբ ապրանք՝ գյուղմթերք և հանքանյութ»,- ասաց նա և նշեց, որ ԵՏՄ անդամակցությունը գյուղմթերքի պարագայում կարող է նպաստավոր լինել, սակայն այդ հնարավորություններն ունեինք նաև նախկինում:


Արմեն Պողոսյանն ասաց, որ  Եվրոպական երկրներից եկած ապրանքները կթանկանան, և մենք ստիպված կլինենք այդ ապրանքները  գնել բելառուսական կամ ռուսական շուկաներից, և մեր վիճակն այս կամ այն չափով կվատանա: «Մենք չենք կարողանում լավ կառավարել մեր երկիրը կամ տնտեսությունը»,- ասաց նա և նշեց, որ ատոմակայանի փակումը կլինի մեր վերջը: