Այսօր նշվում է Սբ Վալենտինի կամ բոլոր սիրահարների օրը
Փետրվարի 14-ն աշխարհի շատ երկրներում նշվում է Սուրբ Վալենտինի կամ Սիրահարների օրը:
Ասում են, որ Սուրբ Վալենտինի օրը գոյություն ունի արդեն ավելի քան 16 դար, սակայն Սիրո տոնն ավելի ուշ ժամանակաշրջաններին է բնորոշ:
Տոնն ունի իր «մեղավորը». քրիստոնյա հոգևորական Վալենտինը:
Այդ պատմությունը թվագրվում է մոտավորապես 269 թվականին, երբ Հռոմեական կայսրն արգելել էր լեգիոներներին ամուսնանալ:
Կլաուդիոս 2-րդը համոզված էր, որ ընտանիք ունենալը զինվորական ծառայության վրա կարող է վատ անդրադառնալ, քանի որ նրանք կռվելու փոխարեն կսկսեն մտածել ընտանիքը պահելու մասին:
Արգելքի պատճառով, սակայն, զինվորներն ավելի քիչ չէին սիրահարվում: Եվ բարեբախտաբար, հայտնվեց մեկը, ով գաղտնի ամուսնացնում էր սիրահարներին: Նա հոգևորական Վալենտինն էր: Լինելով իրական ռոմանտիկ՝ նա հաշտեցնում էր բաժանված զույգերին, օգնում էր սիրային նամակներ գրել ու ծաղիկներ նվիրել:
Կայսեր հրամանով՝ Վալենտինը մահապատժի ենթարկվեց և ավելի ուշ սրբացվեց:
Սուրբ Վալենտինի կամ Սիրահարների տոնն այժմ նշվում է աշխարհի տարբեր երկրներում՝ հիմնականում Արևմուտքում: Վերջին շրջանում այն սկսել է տարածում գտնել նաև ոչ քրիստոնեական երկրներում:
Միակ երկիրը, որտեղ տոնը պաշտոնապես արգելված է և այն նշելու համար մեծ տուգանքներ են սպառնում, Սաուդյան Արաբիան է:










