Իսրայելի ԱԳՆ-ն կոչ է արել անզիջում պատերազմ մղել իսլամական ահաբեկչության դեմ

14:11 • 15.02.15

Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը կոչ է արել անզիջում պատերազմ մղել իսլամական ահաբեկչության դեմ՝ Դանիայի մայրաքաղաք Կոպենհանգենում տեղի ունեցած իրադարձություններից հետո, որոնց հետևանքով երկու մարդ է սպանվել և հինգ հոգի վիրավորվել:  

«Միջազգային հանրությունն այլև չի կարող սահմանափակվել հայտարարություններով և ահաբեկչության դեմ ցույցերով, պետք է մի կողմ դնի պոլիտկոռեկտության կանոնները և սկսի իսկապես անզիջում պատերազմ իսլամական ահաբեկչության և դրա պատճառների դեմ»,- ասել է Լիբերմանը Times of Israel-ին տված հարցազրույցում:

Նախարարի խոսքով՝ Կոպենհագենում տեղի ունեցած հարձակումներն ապացուցում են, որ Իսրայելը և հրեաները «Արևմուտքի և ողջ ազատ աշխարհի դեմ ահաբեկիչների մղած պատերազմում ճակատային գիծ են»:

Հիշեցնենք, որ նախօրեին ահաբեկչություն է տեղի ունեցել Դանիայի մայրաքաղաքում: Կոպենհագենում գտնվող սինագոգ վրա հարձակման հետևանքով վիրավորվել է երկու ոստիկան, մեկ մարդ մահացել է:

Սինագոգի վրա հարձակումից մի քանի ժամ առաջ, շաբաթ օրը երեկոյան անհայտ անձինք կրակ են բացել Կրուտենդենի մշակույթի կենտրոնում, որտեղ անցկացվում էր կրոնի և խոսքի ազատության հարցերով սեմինար Ֆրանսիայի դեսպանի և շվեդ ծաղրանկարիչ Լարս Վիլքսկի մասնակցությամբ: Մեկ հոգի սպանվել էր, երեք ոստիկան՝ ստացել վնասվածքներ: