Կամուրջները դեռ այրված չեն, պրոցեսը նորմալ հուն բերելու հնարավորություններ են թողնված. Խ. Հարությունյան
Tert.am-ի հետ զրույցում ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանն ասում է, որ ՀՀԿ խորհրդի նիստի իր ելույթով իրականում ՀՀ Նախագահն արձագանքել է ներքաղաքական զարգացումներին, որպես ազգային անվտանգության գլխավոր պատասխանատու, որպես կանխարգելիչ քայլ՝ Հայաստանը երկրորդ «Եվրամայդանի» չվերածելու համար: Նրա խոսքով՝ կամուրջներն այրված չեն և միմյանց զիջելու ճանապարհով պրոցեսը նորմալ հուն տեղափոխելու հնարավորություններ կան: «Եվ այդ հնարավորությունները թողնված են»,– ասում է նա:
-Գագիկ Ծառուկյանի պատասխանն ինչպե՞ս եք ընկալում,ի՞նչ ուղերձներ կային:
- Ըստ էության այն էր, որ ընդդիմությունը նախաձեռնում է ներքաղաքական կյանքը լարելու, իշխանափոխության գործընթաց է սկսում և խոսում է այլևս արտահերթ նախագահական ընտրությունների մասին: Սա էր: Այսինքն՝ ընդդիմությունը, ըստ էության, հրապարակավ հայտարարեց, որ կհրապարակի ամբողջական իշխանափոխութւյան իր տեսլականը և, ըստ որում, արտահերթ նախագահական ընտրությունների տեսքով: Մնացած ուրիշ բան չեմ տեսել:
-ՀՀԿ-ն, իր ղեկավարը միշտ հայտարարել են, որ վատ խաղաղությունը ավելի լավ է, քան լավ պատերազմը, բայց փաստորեն ...
- Ինձ ցավ է պատճառում այն, որ հանրապետության Նախագահի խոսքը ընդդիմադիր դաշտի մերկացուցիչները փորձեցին հանրությանը ներկայացնել որպես «ռազբորկա»: Սա ամենացավալին էր: Հանրապետության նախագահը շատ պարզ շարադրեց հետևյալը. որ Գագիկ Ծառուկյանի հրավիրած համաժողովի ընթացքում, ըստ էության, ընդդիմադիր կուսակցության առաջնորդը հրապարակեց մի թեզ, որը ես օրինակ՝ գնահատում եմ ոչ այնքան որպես վերջնագիր, որքան իշխանություններին կարգի հրավիրելու հանդուգն քայլ: Օրինակ՝ որ «ցանկացած ոչ մտածված խոսք հարյուր հազարավոր մարդկանց դուրս կհանի փողոց»: Ի՞նչ է ստացվում: Սա նշանակում է իշխանություններին ասել՝ զգույշ եղեք, ոչ մի անզգույշ արտահայտություն չանեք, ըստ որում՝ իրենց վերապահելով ցանկացած բան ասելու իրավունք: Այսինքն՝ մենք իշխանությունների հասցեին ամեն ինչ կասենք, բայց դուք, իշխանություննե՛ր, շատ զգույշ եղեք: Սա, կրկնում եմ, ո՛չ վերջնագիր է, ո՛չ այլ բան, քան իշխանություններին կարգի հրավիրելու քայլ: Եվ այս դեպքում ակամայից սկսում ես մտածել՝ իսկ ո՞վ է այդ կարգի հրավիրողը, արդյո՞ք իր քաղաքական կենսագրությամբ, անցյալով, ունակություններով, կարողություններով իրեն կարող է իրավունք վերապահել նման՝ կարգի հրավիրելու փորձեր անելու համար: Եվ ես ենթադրում եմ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար այնպիսի հեղինակավոր անձնավորություն, ինչպիսին վարչապետ Հովիկ Աբրահամյանն է, նույնիսկ նրա՝ շատ ծայր աստիճան սուր արձագանքը նրանց չսթափեցրեց, որովհետև թվում էր, թե Հովիկ Աբրահամյանի այդ արձագանքից հետո «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը պետք է փորձեր հասկանալ՝ իր քաղաքական գործընկերների հետ թեկուզ օպոնենտ, բայց՝ գործընկերների հետ պրոբլեմը որտե՞ղ են ստեղծել: Բայց նրանք դա չարեցին: Իսկ ի՞նչ արեցին: Իսկույն մեկնեցին Մոսկվա:
-Ինչո՞ւ է դա բարկացնում հանրապետականին:
-Ինչո՞ւ գնացին, ես հարց եմ տալիս:Մեզ ասացին, որ գնացել են քննարկելու միգրանտների հարց, չեմ իմանում՝ ինչ հարց… կներեք, Ռամադանովսկին՝ իրենց միգրացիայի ծառայության ղեկավարը մեկ շաբաթ առաջ այստեղ էր, թող քննարկեին: Եթե «Բարգավաճ Հայաստան»–ը խնդիր ուներ միգրանտների հարց քննարկելու, ավելի հարմար առիթ մեր հողի վրա քննարկելու, չկար: Ինչո՞ւ չքննարկեցին: Հետևաբար, եթե դա պաշտոնական կամ աշխատանքային այց էր, ապա, որպես կանոն, մամլո ասուլիս են հրավիրում, ասում են՝ մենք գնացել ենք մեր գործընկերների հետ հանդիպման, քննարկել ենք այս, այս ու այս հարցերը: Բայց այդպես չի եղել, մեկնել են, հանդիպել են ու ես խորապես համոզված եմ, որ շատ-շատերն էլ այդպես են մտածում՝ գնացել են նոր քաղաքական զարգացումները սկսելու համար «դաբրո» ստանան:
-Ո՞ւմ հետ են հանդիպել, պարո՛ն Հարությունյան:
-Ո՞ւմ հետ ուզում են հանդիպած լինեն, որ իրենց ձեռքը լիներ, կարող է պատահի ամենաբարձրի հետ էլ հանդիպեին, եթե կարողանային: Բայց ես կարո՞ղ եմ մտածել, որ գնացին՝ նոր քաղաքական պրոցեսները սկսելու համար «դաբրո» ստանալու:
-Այսինքն՝ դրսից տղա բերելու:
-Ես այդպես չեմ ասում, ես ասում եմ՝ գնացել էին նոր քաղաքական զարգացումների համար իրենց պատկերացմամբ՝ քաղաքական ավելի բարձրերի հետ տանիք ստեղծելու համար: Ըստ որում, սա մի քաղաքական ուժ է, որը խոսում է անկախության մասին, արժանապատվության մասին, երկրի հեղինակության մասին: Ինձ հակառակում չեն համոզի: Այսինքն՝ որ էդ կազմով կարող են Ռուսաստանում Եվրասիական տնտեսական միության հետ կապված հարցեր քննարկել… այդ ի՞նչ հարցեր էին քննարկում, այդ ի՞նչ հրատապ խնդիր էր: Իհարկե, ոչ: Եվ ամենակարևորը. հանրապետության Նախագահը ո՛չ նրանց մարտահրավերը ընդունեց, ո՛չ փորձեց պատասխանել, այլ ամենակարևորը՝ որպես ազգային անվտանգության կարևորագույն, գլխավոր պատասխանատու, ըստ էության, օգտագործելով ներքաղաքական հնարավորությունները, կանխարգելիչ քայլեր է կատարել: Եթե կուզեք՝ նրա համար, որ Հայաստանը երկրորդ Ուկրաինա ու «Մայդան» չդառնա: Առաջինը սեպտեմբերի 3-ին էր և այդ որոշումը Հայաստանը այդ հեռանկարից զերծ պահելու որոշումն էր: Այս անգամ երկրորդ քայլ էր, որ Հայաստանը «Եվրամայդանի» չվերածվի: Այսինքն՝ այլևս զարգացումները ազգային անվտանգության հետ աղերսներ ունեն և Հայաստանի Նախագահը, որպես անվտանգության պատասխանատու, այդ քայլերն է կատարում: Ըստ որում, արձագանքելով, արտաբերելով Գագիկ Ծառուկյանի համար ամենաանհաջող ֆրազը:
-Այնուամենայնիվ, չնայած Սերժ Սարգսյանն ասաց, որ ինքն է մեղավոր, որ երկար ժամանակ Գագիկ Ծառուկյանի հետ կապված չստուգված են մնում միլիարդավոր դրամի չմուծված հարկերի մասին չստուգված խոսակցությունները, իսկ հանրապետականներն էլ զարգացնելով այդ գաղափարը՝ նշեցին, թե այսքան տարի կանաչ լույս է վառված եղել նրա համար, դրա համար է այդքան հարստացել և այլն: Չեք կարծում, որ 17 տարվա քաղաքական կենսագրություն ունեցող իշխող քաղաքական ուժի կողմից նման հայտարարությունները այնքան էլ ճիշտ չեն:
-Ես կարծում եմ, որ այս հարցին պատասխանելով՝ պետք է անկեղծ լինել, ինչը փորձեց անել հանրապետության Նախագահը: Քաղաքականության մեջ, երբեմն, կայունությունը, քաղաքական համաձայնությունները ապահովելը գին ունի: Եվ «Բարգավաճ Հայաստանի» հետ կոալիցիան, ըստ էության, բովանդակային առումով իմաստավորվեց մարտիմեկյան իրադարձություններից հետո: Եվ այդ կայունությունը, Հայաստանի ներքաղաքական կյանքի այդ կայունությունը շատ էական էր հատկապես ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում Հայաստանն առանց ցնցումների քաղաքական զարգացումներից դուրս բերելու համար: Սա գին ունի և այդ գինը, համենայն դեպս, հավանաբար, Հայաստանի նախագահը գտել է հարմար իր քաղաքական գործընկերոջ հետ, ոնց որ ասում են՝ համաձայնությունների գալու համար:
Եվ ես տեղյակ չեմ՝ այդ գինը տրվե՞լ է, թե ոչ, բայց եթե խոսքը ԲՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու մասին է, ապա դա այդ համագործակցության գինն էր:
-Պարո՛ն Հարությունյան, ասում են, որ Դուք, ինչպես նաև՝ Արտաշես Գեղամյանը առաջարկել եք Սերժ Սարգսյանին «ներել Գագիկ Ծաուկյանին»: Այս՝ «ներել» ասելը ի՞նչ կատեգորիա է, բարոյակա՞ն, քաղաքակա՞ն , միգուցե՝ իրավաբանակա՞ն հետևանքներ պարունակող:
-Ես «ներել» բառ չեմ օգտագործել, ես իմ ելույթի մեջ բառացիորեն ասել եմ հետևյալը. որ, այն, ինչի մասին Դուք խոսում եք, պատրաստ եմ ստորագրել, բայց ես կարծում եմ, որ նոր քաղաքական իրավիճակ է ձևավորվել և մենք՝ որպես իրավիճակի քաղաքական պատասխանատուներ, պետք է փորձենք ցանկացած մեխանիզմով, ցանկացած կերպ կամրջվել և ընդդիմության հետ համագործակցել բանական, տրամաբանական կառուցողական համագործակցության մեխանիզմներ ձևավորել: Իմ ասածը սա է եղել և այս տեսակետից, ես կարծում եմ, որ մենք պետք է մեր քաղաքական օպոնենտներին հնարավորություն տանք, դա եմ ասել, որպեսզի իրենք իրենց դիրքերը հստակեցնեն: Եթե կարելի է ասել՝ վերադիրքավորվեն: Իմ ասածը սա է: Բայց ես «ներել» բառ չեմ օգտագործել, թեպետ, ես կուզենայի, շատ կուզենայի, որ ընդդիմությունը, այդուհանդերձ, ճիշտ եզրակացություններ աներ: Այստեղ տղայական խնդիր չէ, հանրապետության կայունության խնդիրն է առաջիկա ժամկետներում, ինչը աշխարհաքաղաքական այս իրավիճակում բացառիկ կարևոր է: Մնացած հարցերը, հավատացնում եմ, երկրորդական են և սրանից ածանցվող: Ընդդիմությունը մեկ խնդիր ունի. ինքը պետք է գիտակցի, որ ունի պատասխանատվություն, որ պե՞տք է վերցնի, թե՝ ոչ ՀՀ ներքաղաքական կյանքը ալեկոծելու պատասխանատվություն:
- Հենց հաջորդ հարցս էլ դրան է վերաբերում, Դուք նշեցիք, որ ՀՀ ներքաղաքական կայունությունն ունեցել է իր գինը և հիմա, երբ պրոցեսները, կարծես, առաջին հայացքից տանում են առճակատման, կամուրջները, ոնց որ թե, այրված են ...
- Ո՛չ, կամուրջներն այրված չեն: Դրա համար եմ ասում՝ հանրապետության Նախագահի խոսքը պետք է գնահատել որպես կանխարգելիչ քայլ, և նա իր խոսքն ուղղում է հանրությանը, որ մենք, ունենք նման պրոբլեմներ, որ, ես ինքս անձամբ մտահոգություն ունեմ մյուս կողմի լիդերի ունակությունների, քաղաքական փորձառության առնչությամբ, որ, արդո՞ք, նրա կարող է մտնել այդ բեռի տակ, հանրությանը իր հետևից տանելով՝ առանց կործանարար հետևանքների: Նա այս երկրի անվտանգության թիվ մեկ քաղաքական պատասխանատուն է, բա ե՞րբ խոսի: Երբ երկրորդ «Մարտի մեկ», «Մայդան» լինի նո՞ր: Ես ընդամենը խոսում եմ, որ որևէ մեկը՝ իշխանություն, թե ընդդիմություն, երկրի համար պատասխանատու պետք է դուրս գա: Նման վտանգավոր, անկանխատեսելի հեռանկարի համար պետք է պատասխանատու զգա և այսօր դեռ փոխադարձ պայմանավորվածությունների գալու,այո՛, ինչո՞ւ ոչ, միմյանց զիջելու ճանապարհով պրոցեսը նորմալ հուն տեղափոխելու հնարավորություններ կան: Եվ այդ հնարավորությունները թողնված են:










