Ծովասարցի ազգագրագետը Գեղամա լեռներում հայտնաբերել է հնագույն աղացքար և ճանապարհի հետքեր
Ծովասարցի ազգագրագետ և մանկավարժ, «Ծովասար» երկրագիտական թանգարանի հիմնադիր Դերենիկ Գևորգյանը Գեղարքունիքի մարզի Ծովասար գյուղից դեպի հարավ, Գեղամա լեռնաշղթայի փեշերին գտել է հնագույն հղկված հսկա աղացքար և լեռնային ճանապարհի հետքեր:
«Արմենպրես»-ին ազգագրագետը տեղեկացրել է, որ աղացքարը գտնվել է ծովի մակերևույթից մոտ 2500 մետր բարձրության վրա, «Կոջի ձոր» կոչվող տարածքի աղբյուրից մոտ 50 մետր ներքև: Մեծ ու կարծր ժայռաբեկորի վերևի մասը հղկել են այնքան, որը բավարար է երկու հոգով նրա վրա դրված աղացքարը պտտելու համար:
«Աղացքարի համար նախատեսված փոսը լցված էր հողով և սառույցի շերտով: Երբ հղկված քարը մաքրեցի սառույցից ու տիղմից և լվացի աղբյուրի ջրով, այն փայլեց իր ողջ գեղեցկությամբ: Երկանքի կամ աղացքարի կենտրոնում նկատվեց այն անցքը, որտեղ ժամանակին ամրացրել են ամուր փայտից պատրաստված ձողը, որպեսզի երկրորդ քարը վերևում պտտվի համաչափորեն, անարգել և չհարվածի կողեզրերին, իսկ կողքին արված փոսը, ինչպես պատկերված է լուսանկարում, նրա համար է, որ աղացված ձավարը կուտակվի այդ փոսի մեջ:
Երկրորդ աղացքարը զուր էր որոնել, քանի որ տարածքն ամբողջությամբ ձյունածածկ էր, ուստի մեր որոնումները կշարունակվեն ձնհալից հետո: Աղացքարից մոտ 200 մետր ներքև, ձորապռնկին, հայտնաբերեցի քարե սանդ, որի մեջ ժամանակին մարդիկ ձավար են ստացել ցորենը ծեծելու միջոցով: Ծովասարի «Ջոջ դար» կոչվող սարից դեպի հյուսիս-արևմուտք, Կարաուլ սարի հետևում կա մի գերեզմանոց, որը զբաղեցնում է մոտ կես հեկտար տարածք, որտեղ պահպանվել է նաև հնագույն դամբարանադաշտ:
Այդ հատվածում պահպանվել են նաև սայլի ճանապարհի հետքեր: Ճանապարհն անցել է Ծովասար, Ծակքար, Երանոս, Գեղարքունիք գյուղերի սարերով՝ Գեղամա լեռնաշղթայի փեշերով ու ձորերով և հասել մինչև Սևանա լճի ափին գտնվող Բերդկունք գյուղ, որն եղել է առևտրական քարավանային ճանապարհների հանգույց: Սարերով մոտ 15 կիլոմետր ձգվող քարավանային այդ ճանապարհի վրա եղել են բազմաթիվ բնակատեղիներ և անասնապահների ամառանոցային ժամանակավոր կացարաններ: Այնպես որ, մեր տարածքները իրենց սրտում պահում են բազմաթիվ հնագույն գաղտնիքներ, որոնք ուսումնասիրման լուրջ կարիք ունեն»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է նա։










