Չեչնիայում կմարզեն օտարերկրյա հատուկջոկատայիններին
Գուդերմեսում կառուցվում է կենտրոն՝ հատուկջոկատայինների պատրաստելու համար: Այնտեղ մարզվելու են ռուսական բանակի և այլ երկրների զինված ուժերի հատուկջոկատայինները, տեղեկացնում է Lenta.ru-ն:
Նրանց մարզելու են չեչենները՝ վարձավճարով:
«Շինարարությունն ավարտին հասցնելու համար մեկ տարուց ավելի չի պահանջվի: Ինչպես գիտեք՝ մենք փորձ ունենք, կուսուցանեն մեր մասնագետները, որոնք լավ փորձ ունեն»,- հայտարարել է Չեչնիայի Հանրապետության նախագահ Ռամզան Կադիրովը:
Նախագիծն իրականացվում է մասնավոր ներդրումների միջոցով, և բյուջեից միջոցներ չեն ծախսվում:
Հատուկջոկատայինները պետք է մարզվեն համաձայն պաշտոնական համաձայնագրերի: Նախնական բանակցություններ են սկսվել բելառուս և ղազախ զինծառայողներ պատրաստելու համար: Փորձագետները հույս ունեն, որ կենտրոնը պահանջարկ է վայելելու արաբական աշխարհի ու Լատինական Ամերիկայի երկրների զինված ուժերի շրջանում:
Ապագայում համալիրը յուրօրինակ տակտիկական հատված է ունենալու, որտեղ նախատեսվում է ուսումնասիրել ցանկացած օբյեկտից գերիներին ազատելու տարբերակները:
Կենտրոնն ունենալու է լեռնային, անտառային, ջրային պատրաստվածության հնարավորություն։
Հիմնական մասնաշենքի տարածքը 55 հազար քառակուսի մետր կլինի, հրաձգարանը կզբաղեցնի 35 հա տարածք:










