Իրանն Օբամային պատասխանելու մասին լուրը «լրատվամիջոցների ոչ պրոֆեսիոնալ հնարք» է որակել
Իրանում հերքել են ամերիկյան The Wall Street Journal թերթի պնդումներն այն մասին, թե Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին իբր պատասխանել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նամակին:
Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, այդ մասին հայտարարել է Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարզիե Աֆհամը:
«Ամերիկյան The Wall Street Journal-ի թեզը լրատվամիջոցների ոչ պրոֆեսիոնալ հնարք է»,- ասել է Աֆհամը:
Փետրվարի 13-ին պարբերականն իրանցի դիվանագետի հղումով հաղորդել էր, թե Խամենեին իբր պատասխանել է դեռևս անցյալ տարվա հոկտեմբերին Սպիտակ տան ղեկավարից ստացած նամակին:
Թերթը նշել էր, թե պատասխանը հարգալից, բայց խուսափողական է եղել:
Պարբերականի տվյալներով՝ 2009 թվականից ԱՄՆ-ի նախագահն Իրանի հոգևոր առաջնորդին առնվազն 5 նամակ է ուղարկել:
Աֆհամն իր հերթին հաստատել է, որ ամերիկացի առաջնորդը նամակներ է ուղարկել Թեհրանին, որոնց մի քանի դեպքերում պատասխան է տրվել:










