«Իսլամական պետության» գրոհայինները սպառնում են ոչնչացնել բոլոր քրիստոնյաներին
«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գրոհայինները «Խաչի ժողովուրդներին հղված ուղերձ՝ գրված արյունով» անվանումով տեսանյութ են տարածել համացանցում, գրում է Обозреватель-ը։
Տեսանյութում սև հագուստով մարդիկ ծովափով տանում են ավելի քան 20 գերիների։ Համաձայն ներկայացված տեղեկության՝ տեսանյութում գործողություններն ընթանում են Միջերկրական ծովի ափին՝ Լիբիայի Տրիպոլի քաղաքի մոտակայքում։
Հաղորդագրությունում նշվում է, որ գերիները եգիպտական քրիստոնեական եկեղեցու ներկայացուցիչներ են։
Ջիհադիստների առաջնորդը հայտարարել է, որ ԻՊ-ը, որը նախկինում պատերազմել է Սիրիայում և Իրաքում, ակտիվ գործողություններ է ձեռնարկում Լիբիայում։ Բացի այդ, ահաբեկիչը սպառնացել է ոչնչացնել «Միջերկրական ծովի այն կողմում» գտնվող քրիստոնյաներին և ստրկացնել մյուսներին։










