Ստեղծված իրավիճակն էր թելադրում արձանագրությունների հետ կանչումը. Ռուբեն Մելքոնյան
Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ազգային ժողովից հայ-թուրքական արձանագրությունները հետ կանչելու՝ ՀՀ Նախագահի որոշմանը, ասաց, թե այս քայլը ստեղծված իրավիճակին համահունչ էր, ստեղծված իրավիճակից բխող միակ ճիշտ և տրամաբանական քայլը:
«Նախագահի խոսքում այդ բացատրությունը տրվում է, որ անցած 6 տարվա ընթացքում թուրքական կողմը որևէ կառուցողական քայլ չարեց հարաբերությունները կարգավորելու համար, և նույնիսկ իրենց տրամաբանության, քաղաքական մտածելակերպի մեջ ոչ մի էական փոփոխություն չնկատվեց, կամ չարվեցին այնպիսի քայլեր, որոնք հիմք կհանդիսանային նորմալ հարաբերություններ հաստատելու համար»,-ասաց Ռուբեն Մելքոնյանը:
«Ընդհակառակը, շարունակվեցին իմիտացիոն քայլերը, կեղծ հանդուրժողականության դրսևորումները, երբեմն եղան նաև ազգայնամոլական պոռթկումներ, ինչպես Էրդողանի ներողությունն էր, երբ իրեն հայ էին անվանում: Կարծում եմ, որ ստեղծված իրավիճակն ուղղակի թելադրում էր այս քայլը, մանավանդ, որ 6 տարի շարունակ Հայաստանը և՛ իր քայլերով, և՛ միջազգային տարբեր հարթակներում զգուշացրել է նման հեռանկարի մասին, զգուշացրել է, որ շարունակում է հավատարիմ մնալ իր ստանձնած պարտավորություններին, բայց այդ ժամանակը չի կարող լինել անվերջ, և գալու է մի պահ, երբ Թուրքիան ստիպված է լինելու կոնկրետ քայլեր անել և խուսափել իմիտացիոն բնույթի քայլերից»,-նկատեց թուրքագետը:
Նա նշեց նաև, թե Թուրքիան այդ ամենը չգիտակցեց, և տարածաշրջանային հզոր պետությունը չկարողացավ իր մեջ քաղաքական կամք գտնել ՝ դիվանագիտական նորմալ հարաբերություններ հաստատելու իր հարևանի հետ, և բացելու այս տարաշրջանի վերջին փակ սահմանը, դրանով իսկ վնասելով հենց իր հեղինակությանը և մեծապես կասկածի տակ դնելով այն խնդիրների մասին իր հռչակումները, որոնք նա արել է տարբեր միջազգային հարթակներում և ստորագրել է տարբեր միջազգային պայմանագրեր:
Այս ամենին հաջորդող հետագա քայլերի մասին խոսելով՝ թուրքագետն ասաց, թե վստահ է, որ թուրքական ամբողջ մեդիադաշտը լցվելու է այն ստահոդ և կեղծ տեղեկություններով, որ Հայաստանը խախտեց պայմանավորվածությունները և դուրս է գալիս գործընթացից:
«Թուրքիան շարունակելու է նաև կեղծիքի այն հոծ ալիքը, որ երկար ժամանակ է՝ տեսնում ենք, այն է՝ կեղծ քայլեր, հայտարարություններ, կիսացավակցական ուղերձներ, անիմաստ ելույթներ միջազգային տարբեր հարթակներում: Թուրքիայի կողմից շարունակվելու է հայերի առանձին խմբերի վրա թիրախավորված աշխատանքները, որպեսզի ցույց տա, թե իբր՝ շարունակվում է հայության նկատմամբ հանդուրժողական քայլեր անել»,-եզրափակեց Մելքոնյանը:










