Է. Նալբանդյանն ու Դ. Ուսուպաշվիլին քննարկել են հայ-վրացական հարաբերություններին առնչվող հարցեր

20:04 • 16.02.15

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է պաշտոնական այցով Երևան ժամանած՝ Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլուն:

 

Ինչպես հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից՝ ողջունելով հյուրին՝  նախարար Նալբանդյանը բարձր է գնահատել հայ-վրացական բարեկամական հարաբերությունների դրական զարգացման դինամիկան՝ ընդգծելով, որ ամուր միջպետական կապերի ընդլայնման գործում կարևոր տեղ են զբաղեցնում միջխորհրդարանական ակտիվ շփումները։ Էդվարդ Նալբանդյանը վստահություն է հայտնել, որ Դավիթ Ուսուպաշվիլու այցը նոր լիցք կհաղորդի երկկողմ համագործակցությանը։


Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը խորհրդանշական է համարել, որ Վրաստանի խորհրդարանի նախագահի գլխավորած ներկայացուցչական պատվիրակության կազմում են նաև հայազգի պատգամավորներ։

 

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Վրաստանի խորհրդարանի նախագահը շեշտել է, որ Վրաստանը մեծ կարևորություն է տալիս Հայաստանի հետ համագործակցության առավել ընդլայնմանը՝ հիմնված երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա:


Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են, որ հայ-վրացական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, ինչին նպաստում են հաճախակի փոխայցելությունները։

 

Դավիթ Ուսուպաշվիլին և Էդվարդ Նալբանդյանը, անդրադառնալով առևտրատնտեսական համագործակցությանը, կարևորել են միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի անցկացումը։

 

Կողմերն անդրադարձ են կատարել տարածաշրջանային խնդիրների: Հայաստանի արտգործնախարարը տեղեկացրել է ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը: