Քննչական կոմիտեն պարզում է՝ Պերմյակովը սեփակա՞ն նախաձեռնությամբ է եկել Գյումրու ռազմաբազա, թե՞ ուղարկվել է
Tert.am-ի տեղեկություններով՝ Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած 7 անձի սպանության և փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում քննչական միջոցառումների թվում փորձում է պարզել, թե ինչ հանգամանքներում է Վալերի Պերմյակովը հայտնվել Գյումրիի 102-րդ ռազմաբազայում: Ավելի կոնկրետ՝ նա ի՞նքն է ցանկություն հայտնել զորակոչվել Գյումրիի ռազմաբազա, թե՞ նրան ուղարկել են:
Հիշեցնենք, որ Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող, Գյումրիում տեղակայված ռուսական թիվ 102 ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի զինակիցներից դեպքի օրը վերցվել էին արյան, մեզի, մազի փորձանմուշներ և ուղարկվել փորձաքննության:
Եվ օրերս հայտնի էր դարձել, որ քրեական գործով ստացվել են Վալերի Պերմյակովի և ՀՀ-ում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայողների կողմից ալկոհոլ կամ թմրամիջոցներ, հոգեմետ դեղեր օգտագործելու հանգամանքն ստուգելու նպատակով նշանակված դատաքիմիական փորձաքննությունների եզրակացությունները, որոնց համաձայն՝ Վալերի Պերմյակովից և վերջինիս հետ պահակային ծառայության մեջ ընդգրկված, ՌԴ 102-րդ ռազմաբազայի ևս 12 ժամկետային զինծառայողից վերցված փորձանմուշներում թմրամիջոցի, հոգեմետ նյութերի հետքեր կամ ալկոհոլ չի հայտնաբերվել:
Նշվել էր նաև, որ Հայաստանում ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի անձնական և նրա կողմից Ավետիսյանների տանից վերցված հեռախոսահամարների վերծանումներն ուսումնասիրվում են։
Նշենք, որ ինչպես Tert.am-ին հայտնեց քրեական իրավունքի փորձագետը՝ Պերմյակովից բացի նրա ծառայակիցների արյունն ու մեզը ևս հետազոտվել է այն նպատակով, որպեսզի պարզվի, թե հանցագործության օրը ռազմաբազայում ի՞նչ մթնոլորտ է տիրել, խմբո՞վ են խմած եղել, թե ոչ, ինչպես հաղորդվել էր՝«բոլոր հնարավոր վարկածների ուղղությամբ տարվող քննության շրջանակներում»:










