Շվեդիան կարևորում է Հայաստանի հետ տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնումը. դեսպան

15:12 • 16.02.15

Փետրվարի 16-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության նորանշանակ դեսպան Մարտինա Քուիկին (նստավայրը՝ Թբիլիսի)` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ, տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարությունը:


Շնորհավորելով դեսպան Քուիկին նշանակման կապակցությամբ` նախարար Նալբանդյանը նշել է, որ վերջին տարիներին զգալիորեն ակտիվացել են հայ-շվեդական հարաբերությունները, ինչն արտացոլվել է փոխայցելությունների, քաղաքական երկխոսության ինտենսիվությամբ, Երևանում և Ստոկհոլմում դեսպանությունների հիմնադրմամբ, Հայաստանի տնտեսության նկատմամբ շվեդական ընկերությունների հետաքրքրության աճով։


Էդվարդ Նալբանդյանը հույս է հայտնել, որ դեսպանն իր կարևոր ներդրումը կբերի հայ-շվեդական փոխգործակցության ընդարձակման գործում:


Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Քուիկն ընդգծել է, որ Շվեդիան կարևորում է Հայաստանի հետ տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնումը, ինչի մասին վկայում է Երևանում Շվեդիայի դեսպանության հիմնումը:  Դեսպանը վստահեցրել է, որ իր գործունեության ընթացքում կանի առավելագույնը` երկու երկրների միջև համագործակցությունը ընդլայնելու և ամրապնդելու համար:


Զրուցակիցները հանգամանալից քննարկել են երկկողմ հարաբերությունների առավել զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, կարևորել են
արտգործնախարարությունների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացումը, միջխորհրդարանական շփումների ակտիվացումը, գործարար կապերի ընդլայնումը։


Հանդիպմանն անդրադարձ է արվել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը, մի շարք հրատապ միջազգային խնդիրների։


Նախարար Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ձեռնարկվող ջանքերը։