ԲՀԿ խմբակցությունը Գալուստ Սահակյանից նամակ է ստացել Գագիկ Ծառուկյանի բացակայությունների հետ կապված
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանից նամակ է ստացել՝ ԲՀԿ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի բացակայությունների վերաբերյալ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը՝ դուրս գալով ԲՀԿ կենտրոնական գրասենյակում ընթացող խմբակցության աշխատանքային նիստից: Նա նշեց, որ նիստի օրակարգում են եղել ինչպես նամակին պատասխանելու, այնպես էլ Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու դեպքում իրենց հնարավոր բոլոր քայլերը:
«Քննարկվել է նստացույցի, նույնիսկ հացադուլի տարբերակը: Դեռևս պրոցեսը ընթանում է, մենք ունենք նամակ ՀՀ ԱԺ նախագահից՝ Գագիկ Ծառուկյանի բացակայությունների հետ կապված՝ լրացուցիչ պարզաբանումներ տալու հարցով: Նամակագրական պատասխանից հետո լրացուցիչ կտեղեկացնենք, թե ինչ է լինելու»,-ասաց նա:
Հարցին, թե Գալուստ Սահակյանը դեկտեմբերի վերջին հարգելի՞ է համարել Գագիկ Ծառուկյանի բացակայությունները, Վահան Բաբայանը հաստատեց։ «Այո, նման բան կա, որը քննարկվեց նաև նիստի ժամանակ, կարծում եմ բոլորիդ պարզ, թե ինչու հիմա նման նամակ ստացանք»,-ասաց նա:
Վահան Բաբայանը նշեց, որ փետրվարի 20-ին օրենքի տառին համապատասխան ձևով առաջ են քաշելու իրենց քաղաքական տեսակետները, սակայն դեռևս չգիտեն՝ արդյո՞ք այդ օրը նստացույց կսկսվի:
Tert.am-ի հարցին, թե բացի պատգամավոր Արագած Ախոյանից, այլ դիմումներ ստացե՞լ են կուսակցությունը լքելու մասին, Վահան Բաբայանը պատասխանեց. «Այլ դիմումներ չկան, նա միակ պատգամավորն է, մնացածի վերաբերյալ ամբողջը ապատեղեկատվություն է: Ինչ վերաբերում է Արագած Ախոյանին, իհարկե բացասական վերաբերմունք ունենք, որովհետև կարելի է իհարկե կուսակցություններ փոխել՝ ըստ գաղափարների կամ ըստ հայացքների, բայց այս ծանրագույն շրջանում, երբ որ կուսակցությունն իր քաղաքական գիծն է առաջ տանում, ճիշտ քայլ չէր»։
Tert.am-ի մեկ այլ հարցին, թե ինչո՞ւ Գագիկ Ծառուկյանը չի մասնակցել աշխատանքային նիստին, Վահան Բաբայանը նշեց, որ տեղյակ չէ:










