ԲՀԿ քաղաքական կուրսը չկիսողները, ըստ խոսնակի տրամաբանության, կհեռացվեն նաև խմբակցությունից
Երբ հանկարծակի պարզվում է, որ որոշ մարդիկ չեն կիսում կուսակցության քաղաքական կուրսը, ուրեմն կասկածից դուրս է, որ նրանք չեն կիսում նաև խմբակցության գաղափարախոսությունը:
Tert.am-ին այս մասին ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը, ԲՀԿ արդեն նախկին անդամ Արագած Ախոյանի՝ կուսակցությունից դիմում գրելուց հետո:
«Կուսակցության գաղափարախոսությանը նրանք չէին կարող տեղյակ չլինել առնվազն վերջին տարիների ընթացքում, ուրեմն, բնականաբար, նրանք չեն կիսում նաև խմբակցության կուրսը՝ դրանից բխող եզրակացություններով, որոնք կարող եք ձեր տողերում անել»,-ասաց Տիգրան Ուրիխանյանը:
Հիշեցնենք նաև, որ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանը կուսակցությանն անդամակցությանը դադարեցնելու մասին իր հայտարարության մեջ նշել էր, որ հանդիսանալով «Արևմտահայոց Ազգային Համագումար» միջազգային կազմակերպության ազգային խորհրդի հիմնադիր անդամ և լիազոր ներկայացուցիչը ՀՀ-ում՝ վերջին երկու տարիների ընթացքում առավելապես զբաղվել է արևմտահայկական խնդիրներով, համահայկական մշակութային ծրագրերով և իր ընտրատարածքի զարգացման հիմնախնդիրներով։ Նա ներկա պահին անթույլատրելի է համարել մասնակցել «ներքաղաքական լարման տանող գործընթացներին՝ հաշվի առնելով ՀՀ և ԼՂՀ սահմանների օրեցօր աճող ոչ ցանկալի իրավիճակը և Հայոց Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ կազմակերպվող համահայկական միջոցառումները, որտեղ ունի իր պատասխանատվության բաժինը»:
Ի պատասխան հարցի, թե այսինքն՝ կուսակցությունից հեռանալու մասին դիմում գրողները կհեռացվե՞ն խմբակցությունից, Տիգրան Ուրիխանյանը նկատեց, որ հարցը հռետորական է ու նույնկերպ պատասխանեց. «Իսկ ինչպե՞ս են պատրաստվում կուրսը չկիսողները կուսակցությունից դուրս գալ, իսկ խմբակցությունում մնալ»։
Նա նաև հայտնեց, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նիստի օրակարգի մասին կհայտնվի լրացուցիչ, նիստը դեռ ընթացքում է։
Ավելի ուշ Tert.am-ի թղթակցին ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանը տեղեկացրեց, որ ԲՀԿ աշխատանքային նիստի ընթացքում քննարկվել են բազմաթիվ հարցեր, այդ թվում եղել են առաջարկներ, որ Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու դեպքում խմբակցության պատգամավորները հանդես գան նստացույցը կամ նույնիսկ՝ հացադուլով:










