ԱՄՆ-ում ձերբակալել են 37 տարի առաջ կալանավայրից փախած տղամարդուն
Նյու Յորքի ոստիկանությունը ձերբակալել է 37 տարի փախուստի մեջ գտնվող 64-ամյա տղամարդու, գրում է korrespondent.net-ը:
1977 թվականին Ուոլթեր Միլերը փախել է Հյուսիսային Կարոլինա նահանգում գտնվող բանտից, որտեղ կալանավորվել էր 30 տարի ժամկետով՝ բանկի կողոպուտի երկու փորձի համար: Փախուստի հաջող փորձից հետո նա ապրել է Նյու Յորքի Բրուքլին թաղամասում՝ հորինված անվան տակ: 1985 թվականին նա ամուսնացել է, այնուհետ դարձել չորս երեխաների հայր: Միլերն աշխատել է մի քանի աշխատավայրերում և պարբերաբար եկեղեցի է այցելել, իսկ այն մասին, թե որտեղ է թաքնվում, իմացել է միայն Հյուսիսային Կարոլինայում բնակվող նրա քույրը:
Միլերը ձերբակալվել է հենց իր տանը: Մոտ օրերս նա կկանգնի դատարանի առաջ, որտեղ կքննվի պատիժը կրելու համար նրան Հյուսիսային Կարոլինա ուղարկելու հարցը: Միլերի կինը և երեխաները տեղյակ չեն եղել նրա անցյալի մասին և հուսով են, որ նահանգի իշխանությունները ներում կշնորհեն նրան:
Թե ինչպես են իրավապահները կարողացել այսքան տարի անց դուրս գալ նրա հետքի վրա, հայտնի չէ: Ինքը՝ Միլերը կարծում է, որ իրեն կարող էր մատնած լինել իր հին ծանոթներից մեկը:










