Հայ առաքելական եկեղեցին սկսում է Մեծ պահքը
Հայ առաքելական եկեղեցու հավատացյալները այսօրվանից պետք է սկսեն Մեծ պահքը, որը տևում է 48 օր: Տեր Զենոն քահանա Բարսեղյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ յուրաքանչյուր մարդ այս շրջանում պետք է իր սիրտն ու հոգին կենտրոնացնի իր կյանքի, անցած ուղու վրա և տկարացնելով մարմինը՝ պետք է բարձրացնի հոգին:
«Մարդը մի ահ պետք է կանգ առնի ու խորհի իր կյանքի մասին, ու այդ հնարավորությունը տալիս է Մեծ Պահքը: Պետք է խորհենք ու հասկանանք, թե որտեղ ենք հաջողել կամ ձախողել: Պահքն անիմաստ է առանց աղոթքի, որովհետև այն կվերածվի բուսակերության»,-ասաց քահանան:
Տեր Զենոնը նշեց, որ պահեցողության շրջանում օգտագործվում է բուսական կերակուրներ և չի օգտագործվում կենդանական ծագում ունեցող կերակուրներ:
«Պահք կարող են չպահել միայն հիվանդ մարդիկ, հղի կանայք, որոնց սնունդ է հարկավոր և մինչև 12 տարեկան երեխաները, բայց նրանք ևս մեծերի հետ պետք է հաճախեն եկեղեցի ու հաղորդակից լինեն հոգևոր կյանքին»,-ասաց նա:
Քահանան նաև նշեց, որ խրախուսելի չէ, որ այս շրջանում պսակադրություններ լինեն, բայց դեռևս կաթողիկոս Վազգեն Ա-ի որոշմամբ, թույլատրվում է իրականացնել պսակադրություն:
«Զույգերին բացատրում ենք, որն այս շրջանում ցանկալի չէ, որ պսակադրվեն, սակայն եթե որոշում են ամուսնանալ, մենք չենք մերժում օրհնություն տալ նրանց: Իսկ մկրտություն միշտ էլ թույլատրվում է, որովհետև դա հոգևոր ծնունդ է»,-ասաց նա:










