«Նորմանդական քառյակի» առաջնորդները քննարկել են Ուկրաինայում իրավիճակի կարգավորման ուղիները
«Նորմանդական քառյակի» երկրների առաջնորդներ Վլադիմիր Պուտինը, Անգելա Մերկելը, Ֆրանսուա Օլանդը և Պյոտր Պորոշենկոն քննարկել են Ուկրաինայի հարավ-արևելքում իրավիճակի խաղաղ կարգավորման ուղիները, հաղորդում է «Взгляд»-ը՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը:
«Անդրադարձ է կատարվել, մասնավորապես, հրադադարի ռեժիմին, հակամարտող կողմերի ծանր զինտեխնիկան հետ քաշելուն առնչվող հարցերին, ինչպես նաև Դեբալցևո քաղաքի շրջանում տիրող իրավիճակին»,- ասված է Կրեմլի հաղորդագրության մեջ:
Բացի այդ, առաջնորդները փոխանակվել են ներկայիս փուլում ԵԱՀԿ մոնիթորինգային առաքելության դերի շուրջ կարծիքներով:
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել տարբեր ձևաչափերով շփումները շարունակելու մասին՝ Մինսկի պայմանավորվածությունների կատարմանը նպաստելու համար»,- հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Երկուշաբթի օրը ԵԱՀԿ-ն հայտարարել է, որ Ուկրաինայում հրադադարի ռեժիմն առաջին 18 ժամերի ընթացքում ընդհանուր առմամբ պահպանվում է: Միևնույն ժամանակ առաքելությունը գրանցել է մի շարք միջադեպեր Լուգանսկում, Դոնեցկում, Սևերդոնեցկում և Դեբալցևոյում:










