Պետդեպը Ռուսաստանից պահանջել է դադարեցնել Դեբալցևոյում մարտերը

09:59 • 17.02.15

ԱՄՆ պետդեպարտամենտը մեղադրել է Ռուսաստանին և Ուկրաինայի արևելքի անջատողականներին հրադադարի ռեժիմի խախտման համար, ասվում է գերատեսչության հաղորդագրությունում, փոխանցում է Лента-ն։

 

«ԱՄՆ-ն լրջորեն անհանգստացած է Ուկրաինայի արևելքում գտնվող Դեբալցևո շրջանում իրավիճակի վատթարացմամբ։ Անջատողականները հրապարակայնորեն հայտարարում են, որ իրենք հրաժարվում են հետևել հրադադարի ռեժիմին, իսկ ԵԱՀԿ դիտորդներին չեն տրվում այդ շրջանում անվտանգության երաշխիքներ։ Այդ ագրեսիվ գործողությունները և հայտարարությունները, որոնց աջակցում է Ռուսաստանը, սպառնում են հրադադարին և ռիսկի են ենթարկում ծանր սպառազինության դուրսբերումը»,- ասվում է հաղորդագրությունում։

 

ԱՄՆ-ն կոչ է արել անջատողականներին և Ռուսաստանին «անհապաղ դադարեցնել հարձակումները» և երկխոսություն սկսել ԵԱՀԿ-ի հետ՝ Մինսկի պայմանավորվածություններն իրականացնելու համար։

 

Հիշեցնենք, որ օրերս Մինսկում «նորմանդական քառյակի»՝ Ուկրաինայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդները պայմանավորվել են փետրվարի 15-ի ժամը 00։00-ից կրակը դադարեցնելու մասին: Այդ մասին հայտարարել էր Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: