Երևանում մեկնարկել են փողոցների ժամանակավոր փոսալցման աշխատանքները

13:45 • 17.02.15

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, եղանակային բարենպաստ պայմաններից ելնելով, այս տարի գլխավոր ու երկրորդական փողոցներում ժամանակավոր փոսալցման աշխատանքները նախատեսվածից շուտ են մեկնարկել: Գործընթացն իրականացվում է մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում:


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ նախնական գույքագրումից, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանում և վարչական շրջանների աշխատակազմերում գործող թեժ գծերով ստացվող ահազանգերից հետո, փոսալցումը սեփական միջոցներով իրականացնում են մասնագիտացած այն ընկերությունները, որոնք էլ նախորդ տարիներին ասֆալտապատել են տվյալ տարածքները:


Շինարարական կազմակերպությունները Երևանի քաղաքապետարանի հետ կնքած պայմանագրի համաձայն պարտավոր են 5 տարվա ընթացքում վերացնել փողոցներում ի հայտ եկած ցանկացած թերություն:


Կարճ ժամանակ անց արդեն կմեկնարկեն ասֆալտապատման հիմնական աշխատանքները: Այս փուլում փոսալցված բազմաթիվ փողոցներ հիմնական ծրագրի համատեքստում կենթարկվեն հատվածային մասնակի կամ հիմնական նորոգման:

 

Առանձին դեպքերում փոսալցմանը կփոխարինեն փոսային նորոգման աշխատանքները, ինչի արդյունքում փողոցների շահագործման ժամկետները զգալիորեն կերկարեն: