Հալեպում իրավիճակը դարձյալ լարվել է. քրիստոնեաբնակ ու հայաբնակ թաղամասերն ահաբեկիչների թիրախում են հայտնվել

09:00 • 18.02.15

Արդեն մի քանի օր է՝ Սիրիայի բանակը Հալեպում և դրա արվարձաններում ռազմական լուրջ գործողություններ է սկսել՝ զինյալ խմբավորումների վերահսկողության տակ գտնվող շրջանները գրավելու նպատակով:

 

Ինչպես տեղեկացնում է Բերիո լուրերի ֆեյսբուքյան էջը, մինչ սիրիական բանակը նկատելի առաջընթաց է գրանցել քաղաքի հյուսիսային ու արևմտյան արվարձաններում, քաղաքում գտնվող ահաբեկչական խմբավորումները թիրախ են ընտրել երկրի խաղաղ բնակչությանը:

 

Սիրիայի տնտեսական մայրաքաղաքը համարվող Հալեպի տարբեր թաղամասեր երեկ ահաբեկչական խմբավորումների հրթիռակոծությունների թիրախում են հայտնվել:

 

Հիմնականում հրթիռակոծվել է քրիստոնյա և հայաբնակ Ազիզիե շրջանը:

 

Հրթիռակոծվել է նաև քաղաքի կենտրոնում գտնվող Բըսթան Քըլափ շրջանը, ուր հիմնականում խանութներ են: Այդ շրջանում գազի բալոնով պատրաստված 5 հրթիռ է արձակվել:

 

Այնտեղ խանութ-արհեստանոցներ ունեն նաև շատ հայեր, և հրթիռներից մեկն ընկել է հենց հայ արհեստավորի տարածքում, բայց բարեբախտաբար չի պայթել:

 

Հրթիռակոծվել են նաև այլ թաղամասեր: Դրանց հետևանքով զոհվել է 8, վիրավորվել՝ 36 մարդ:

 

Գրանցվել են նյութական վնասներ. վնասվել են բնակարաններ, խանութներ, ավտոմեքենաներ: Քաղաքի բնակչությունը վախի ու սարսափի մեջ է եղել:

 

Հալեպում վիճակը լարված է եղել նաև նախորդ օրը: Սըրիան ալ-Ադիմ շրջանում ընկած հրթիռների հետևանքով բազմաթիվ զոհեր ու վիրավորներ են գրանցվել:

 

Ի դեպ, վերջին օրերին տեղեկություններ են տարածվել այն մասին, որ սիրիական բանակը շրջափակել է Հալեպը՝ օղակի մեջ առնելով այնտեղ գտնվող ահաբեկչական խմբավորումներին: Վերջին օրերին գրանցված լարվածությունը հավանաբար դրա հետևանքն է: