Թուրքիայի ցանկացած հատուցում, առանց հողային հատուցման, կեղծ է. դասախոսություն Աթենքում
Հունաստանի մայրաքաղաք Աթենքի Նիկիայի քաղաքապետարանի սրահում փետրվարի 16-ին տեղի է ունեցել «Նացիզմը և պանթուրքիզմը, համեմատական մոտեցում» թեմայով դասախոսություն հունահայ գրող-հրապարակախոս՝ պարոն Հովսեփ Քասեսյանի բանախոսությամբ:
«Հունահայկական» հետազոտությունների կենտրոնի քարտուղար, «Հայաստան» և «Նոր աշխարհ» շաբաթաթերթերի աշխատակից Հովսեփ Քասեսյանը հունարեն լեզվով՝ հունախոս հասարակության համար ներկայացրած իր վերլուծությամբ, բացատրել է Նացիզմ և Թյուրքիզմ քաղաքական շարժումների հասարակած արմատների, բնի և պտղի մասին, որոնք 20-րդ դարում իրագործեցին երկու ամենամեծ ցեղասպանությունները:
Բանախոսը խոսել է նաև երկու ցեղասպանությունների տարբերությունների մասին՝ նշելով, որ եթե հրեաները կորցրեցին կյանք ու սեփականություն, հայերը՝ առավել և առաջին հերթին հայրենիք:
«Հայ ազգի նկատմամբ ցանկացած նյութական և բարոյական հատուցում, առանց հողային հատուցման, լինելու է թերի և կեղծ», - եզրակացրել է պարոն Քասեսյանը:
«Հունահայկական հետազոտությունների կենտրոնի» և Աթենքի Նիկիայի քաղաքապետարանի մշակութային կենտրոնի համագործակցությամբ կազմակերպված միջոցառումը ներկայացրել է «Հունահայկական հետազոտությունների կենտրոն»-ի նախագահ Հայկ Գասարճյանը:










