Բոստոնի քաղաքապետը կոչ է արել քաղաքացիներին դադարել պատուհաններից ցատկել ձնակույտերի մեջ (տեսանյութ)
Ամերիկյան Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքի քաղաքապետը կոչ է արել քաղաքի բնակիչներին դադարել պատուհաններից ցատկել ձնակույտերի մեջ, գրում է korrespondent.net-ը:
Ինչպես հայտնում է Boston Herald-ը, Բոստոնի քաղաքապետ Մարտին Ուոլշը քննադատել է քաղաքի բնակիչներին, ովքեր տեսախցիկներով նկարահանում են, թե ինչպես են ցատկում իրենց տներից ուղիղ ձնակույտերի մեջ: Նրա կարծիքով՝ նման նկարահանումների շուրջ սոցիալական ցանցերում ստեղծված աղմուկը «հիմարություն» է և կարող է ողբերգական հետևանքների հանգեցնել:
«Ես խնդրում եմ մարդկանց հենց հիմա վերջացնել այդ հիմարությունը: Պատուհաններից մեծահասակներ են ցատկում։ Դա հիմարություն է, դուք կարող եք ձեզ սպանել»,- հայտարարել է Ուոլշը:
«Սա Loon Mountain-ը (լեռնադահուկային հանգստավայր) չէ, սա Բոստոնն է, որտեղ մենք փորձում ենք ձյունը հավաքել»,- հավելել է քաղաքապետը: Նա հայտարարել է, որ այս փետրվարը քաղաքի պատմության մեջ ամենաձնառատն է եղել:
ԶԼՄ-ների տվյալներով՝ Բոստոնում ձնակույտերի բարձրությունը հասնում է երեք մետրի, մոտ ժամանակներս դեռևս սպասվում են էլ ավելի շատ տեղումներ:










