Մոսկվան սպառնում է պատասխան միջոցներ ձեռնարկել՝ Վրաստանին ՆԱՏՕ-ի կազմում «ներքաշելու» դեպքում

17:03 • 18.02.15

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է Մոսկվայի կողմից համապատասխան միջոցներ ձեռնարկելու պատրաստակամության մասին, եթե ՆԱՏՕ-ն պրակտիկ քայլեր ձեռնարկի Վրաստանը դաշինքի մեջ «ներքաշելու» ուղղությամբ, գրում է korrespondent.net-ը:

 

«Մենք քննարկել ենք մեր փոխազդեցությունը միջազգային ասպարեզում, ներառյալ՝ Ռուսաստանի և Հարավային Օսիայի պատվիրակությունների մասնակցությունն Անդրկովկասում կայունության և անվտանգության հարցով Ժնևի քննարկումներին: Մենք հաստատել ենք ուժ չկիրառելու մասին իրավականորեն պարտավորեցնող պայմանավորվածություններ կնքելու անհրաժեշտությունը, որոնք կբացառեին 2008 թվականի իրադարձությունների կրկնությունը»,- ասել է Լավրովը Հարավային Օսիայի իր գործընկերոջ հետ բանակցությունների արդյունքներով տված մամուլի ասուլիսի ժամանակ:

 

Լավրովի խոսքով՝ «այդ խնդիրը հատկապես արդիական է ՆԱՏՕ-ի կազմում Թբիլիսիի ներքաշելու անդադար գործընթացի լույսի ներքո»:

 

«Մենք միասնական ենք եղել հարցի շուրջ, որ դա չի նպաստի Անդրկովկասում կայունության ապահովմանն ուղղված ջանքերին, և բնականաբար, եթե այդ քայլերը ստանան արդեն պրակտիկ ուրվագիծ, իսկ ըստ երևույթին՝ դա արդեն սկսում է տեղի ունենալ, միջոցներ կձեռնարկենք»,- ընդգծել է Ռուսաստանի արտգործնախարարը: