Ռուսաստանում խոզի գրիպից տղամարդ է մահացել
ՌԴ Ստավրոպոլի երկրամասի Լերմոնտովո քաղաքի հիվանդանոցներից մեկում պառկած հիվանդը մահացել է խոզի գրիպից (H1N1): INTERFAX.RU-ի փոխանցմամբ` այս մասին տեղեկացրել են շրջանի բուժհաստատությունից:
«Հիվանդը, ով վարորդ էր, մահացել է երեքշաբթի, և ամենայն հավանականությամբ՝ վիրուսով վարակվել է երկրամասից դուրս գտնվելիս», - ասել է գործակալության զրուցակիցը:
Վերջինս հայտնել է նաև, որ հիվանդանոցում այժմ վերահսկողության տակ է գտնվում 5 մարդ, ովքեր մահացածի ընտանիքի անդամներն են: Կարանտին է հայտարարվել նաև այն մանկապարտեզում, ուր հաճախում էր մահացածի երեխան:
Միևնույն ժամանակ՝ Դաշնային բուժ-կենսաբանական գործակալությունից, որին պատկանում է տվյալ հաստատությունը, հայտնում են, որ ներկա պահին ուսումնասիրվում են հիվանդի տվյալները, և որ դեռ վաղ է ասել, թե ինչից է մահացել հիվանդը:










