«Ժառանգությունը» վաղվա նիստում հնարավոր է քննարկի եռյակի հետ հետագա համագործակցության ֆորմատը

17:09 • 18.02.15

«Ժառանգություն» կուսակցության՝ վաղը հրավիրվելիք նիստում չի բացառվում, որ կդրվի հարցը, թե հետագայում եռյակի շրջանակներում ինչպե՞ս է լինելու համագործակցությունը:


Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգության» մամուլի քարտուղար  Դավիթ Սանասարյանը:


«Օրակարգը կձևավորվի առաջիկա նիստում, քննարկվելու է ստեղծված իրավիճակը, առաջիկա անելիքները, այդ թվում՝ չեմ բացառում, որ քննարկվի, թե եռյակի ձևաչափով հետագայում ինչ համագործակցություն է տեղի ունենալու»,- ասաց «Ժառանգության» մամուլի քարտուղարը:


Ի պատասխան հարցի, թե սա նշանակո՞ւմ է, որ «Ժառանգությունը» կասկածի տակ է առնում եռյակի հետագա գործունեությանը՝ հաշվի առնելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի անունից տարածված այսօրվա հայտարարությունը, վերջինս նշեց, որ ոչ, ինքը միայն ասում է, որ այդ նիստին որոշվելու է, թե ինչ են անելու:


«Մի բան պարզ է, որ այդ հանրահավաքը «Բարգավաճ Հայաստանի» հանրահավաքը չէր և ԲՀԿ քաղխորհուրդը չէր կարող որոշել՝ հանրահավաքը չեղյալ համարելը: Դա երեք քաղաքական ուժերի համատեղ որոշումն էր, և այդ մասին հայտարարություն կարող էր արվել երեքի անունից»,-ավելացրեց Դավիթ Սանասարյանը:


Այսինքն՝ «Ժառանգությունը»  հանրահավաք անելու է:


Հարցին, թե հիասթափվա՞ծ են «Ժառանգությունում» Ծառուկյանի հայտարարությունից, խոսնակն ասաց, որ ոչ մի քաղաքական ուժ իրեն նման շռայլություն չի կարող թույլ տալ:


«Հիասթափությունը պետք է դնել մի կողմ և առաջ շարժվել, որովհետև հիմա հիասթափվելու  ժամանակը չէ»,-ասաց նա: