ՀՀԿ-ն ողջամիտ քաղաքական ուժերի հետ երկխոսելու և՛ հնարավորություն ունի, և՛ ցանկություն. Հովհաննես Սահակյան
Հանրապետական կուսակցությունը քաղաքական դաշտի բոլոր ողջամիտ քաղաքական ուժերի հետ երկխոսելու և՛ հնարավորություն ունի, և՛ ցանկություն: Այս մասին ասաց ԱԺ պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Հանրապետական կուսակցության անդամ Հովհաննես Սահակյանը՝ ի պատասխան հարցի, թե ԲՀԿ-ի հետ երկխոսելու հնարավորություն կա:
Սահմանադրական փոփոխությունների մասին հարցի շուրջ խոսելիս հանրապետական պատգամավորն առաջարկեց առաջ չընկնել, քանի որ խնդիրը գտնվում է Նախագահի լիազորությունների տիրույթում: «Նախագահ Սարգսյանը նշել է, որ սահմանադրական փոփոխությունների մասին իր վերաբերմունքը կարտահայտի փետրվար-մարտ ամիսներին: Այսինքն՝ դեռ ժամանակ կա»,- ասաց նա։
Իսկ հարցին, թե հնարավոր է ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմեն, ասաց. «Էսօր խոսել որևէ ֆորմատով համագործակցության ձևաչափի մասին, կարծում եմ... Դուք ավելի եք շտապում։ Համենայնդեպս ՀՀԿ խորհրդի նիստում նամն բան չի քննարկվել»:
Իսկ կոնկրետ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի առաջարկի մասին Հովհաննես Սահակյանն ասաց. «Իսկ այն որոշումը, որը հրապարակվել է, բացառապես վերաբերվում է իրենց քաղաքական ուժին, և հետևաբար այդ հարցերը պետք է ուղղեք ԲՀԿ քաղաքական թիմի որևէ անդամի»:
Հիշեցնենք, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի անունից այսօր տարածված հայտարարության մեջ ասվում է, որ իշխանության և ընդդիմության խնդիրն է չանցնել ողջամտության սահմանը, բոլոր խնդիրները պետք է լուծվեն խաղաղ, օրինական, քաղաքական ճանապարհով: Հայտարարվել է նաև, որ փետրվարի 20-ի հանրահավաքը չեղյալ է հայտարարվում:
Ի պատասխան հարցի, թե քանի որ ՀՀԿ խորհրդի նիստին հայտարարվել էր, որ քաղաքական դաշտը պետք է մաքրվի ապաքաղաքական տարրերից, ուրիշ ինչ իրավաքաղաքական գործընթացներ են սպասվում, Հովհաննես Սահակյանը նշեց. «Այս գործընթացն ավելի շարունակական է, և երբ խոսում ենք նմանատիպ երևույթների մասին, չեմ կարծում, որ դա պետք է դիտարկել մեկ ժամվա, մեկ րոպեի, մեկ քայլի մեջ»:
Հովհաննես Սահակյանն ընդգծեց, որ այն հիմնական խաղի կանոնները, որ սահմանվել է, պետք է նշաձող լինի նաև հետագայի համար:
«Ես օրինակ՝ ցանկանում եմ հավատալ, որ հետագայում այն մարդիկ, ովքեր քիչ քաղաքականացված են, ովքեր քաղաքականությամբ չեն ցանկանում զբաղվել, պետք է զբաղվեն իրենց գործով՝ անկախ նրանից, թե որ քաղաքական ուժի ներկայացուցիչ են, ինչ ուժերի շնորհիվ են գտնվում պառլամենտում կամ ոչ պառլամենտում»,- ասաց նա։
Հարցին, թե Ծառուկյանը հնարավոր է այսուհետ չմասնակցի նիստերին, Հովհաննես Սահակյանը կրկնեց, որ Ծառուկյանի հետ կապված բոլոր հարցերն ուղղվեն ԲՀԿ-ին, որտեղ «կան կարկառուն քաղաքական գործիչներ»: Իսկ նրա բացակայությունների հետ կապված՝ ԱԺ նախագահի աշխատակազմը ԱԺ հասարակայնության հետ կապերի միջոցով կներկայացնի իր ուսումնասիրության արդյունքները:










