HSBC բանկի Ժնևի մասնաճյուղում խուզարկումներ են անցկացվել

15:24 • 18.02.15

Բրիտանական HSBC բանկի Ժնևի մասնաճյուղում խուզարկումներ են անցկացվել, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով AFP գործակալությանը:

 

«Դատախազությունը հայտարարում է, որ վերջերս տեղի ունեցած HSBC բանկի շվեյցարական մասնաճյուղի գործունեության հետ կապված բացահայտումների առնչությամբ քրեական գործընթաց է սկսվել բանկի դեմ»,- գործակալությունը մեջբերում է Ժնևի շրջանի վերահսկողական մարմնի հայտարարությունը:

 

Ավելի վաղ բանկի լոնդոնյան գլխավոր գրասենյակից հայտնել էին, որ HSBC-ն ընդունում է իր մեղքը և պատասխանատվություն է ստանձնում շվեյցարական մասնաճյուղի ոչ օրինաչափ գործողությունների համար:

 

Փետրվարի 9-ին Լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումը հոդված է հրապարակել, որտեղ ասվում է հանցավոր կազմակերպությունների հետ բանկի կապերի մասին: Հոդվածի հեղինակները՝ 40-ից ավելի երկրներից 140 լրագրող, հայտնել են, որ HSBC-ի շվեյցարական մասնաճյուղն օգնել է բազմաթիվ հաճախորդների խուսափել հարկերից: