Լուկաշենկոն պատրաստ է 1 օրում լուծել Դեբալցևոյում իրավիճակը, եթե դա կամենան հակամարտության կողմերը
Չնայած Դոնբասում փետրվարի 15-ից հրադադարի հաստատմանը՝ Դեբալցևոյի շրջանում ռազմական գործողությունները շարունակվում են։
Այնտեղ իրավիճակի մասին տվյալները չափազանց հակասական են. անջատողականներն ասում են, որ ուկրաինացի զինվորները «զանգվածաբար հանձնվում են», իսկ Կիևից հայտարարում են զինտեխնիկայի հետ տանելու կամ հակամարտության շարունակության մասին, գրում է newsru.com-ը։
Այս ոչ միանշանակ իրավիճակում հակամարտության լուծման օգնություն է անսպասելիորեն առաջարկել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Եթե հակամարտության մեջ ներքաշված կողմերը դա ցանկանային, մենք այսօր ուկրաինական և մյուս կողմին կառաջարկեինք 1 օրում լուծել Դեբալցևոյի խնդիրը», - ասել է Լուկաշենկոն։
Նախագահն ընդգծել է, որ դրա համար կարևոր է բոլոր կողմերի հավանությունը։ «Եթե նրանց համար առաջնային է հազարավոր անմեղ մարդկանց կյանքը, ապա մենք պատրաստ ենք դա անել մեկ օրում»,- նշել է Բելառուսի նախագահը։
«Մենք պատրաստ ենք ոչ միայն պարզապես միջնորդ լինել, այլև դադարեցնել այդ հակամարտությունը և այնտեղից դուրս բերել Ուկրաինայի բոլոր զինծառայողներին՝ երաշխավորելով, որ նրանք այլևս երբեք չեն պատերազմի»,- հայտարարել է Լուկաշենկոն։










