Եկել ենք մուրացկանների նման, որ մեր աշխատավարձերի գոնե մի մասը տան. նաիրիտցիներ
Եկել ենք մուրացկանների նման ձեռքներս երկարացրել ենք, որ գոնե մեր աշխատավարձերի մի մասը տան: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց կառավարության առաջ կրկին բողոքի ցույց անող «Նաիրիտի» աշխատակիցներից մեկը: Նա նշեց, որ նույնիսկ գոհ կլինեն, եթե աշխատավարձերի մի մասը հիմա տան, իսկ մյուս մասն էլ երաշխավորեն, թե երբ են տալու:
Աշխատակիցները հայտնեցին, որ Կառավարությունից իրենց ոչ ոք չի ընդունել: Նրանք հիշեցրեցին, որ 1700-1800 հոգի աշխատող կրճատվել է և մնացել են միայն «մոտիկ» մարդիկ: «Ամեն մի ցեխում 3-4 հոգի պահել են»,- ասաց նրանցից մեկը:
«Գործարանն աշխատում է, թե՝ ոչ, դա իրենց խնդիրն է, ինձ պետք է իմ աշխատավարձը տան: Այս օրինապաշտ, ժողովրդավարական երկրում իմ աշխատավարձն է պետք»,-ասաց նա և նշեց, որ երբ իրենք գալիս ու բողոքում են, լավագույն դեպքում մեկ ամսվա աշխատավարձ են տալիս:










